Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը քաղաքական է. քառյակ

Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից 10%-ով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 1-ի որոշումը քաղաքական էր և պայմանավորված չէր տնտեսական գործոններով. հուլիսի 2-ին հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեցին Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչները` անդրադառնալով ՀԾԿՀ-ի նախօրեի նիստին, որին ներկա էր եղել նաև քառյակը:

«Փլուզվող տնտեսություն ունենք: Իշխանությունը ֆինանսական միջոցների կարիք ունի, և այդ միջոցները ստանում է երկու աղբյուրից` ժողովրդի գրպանից և դրսից պարտք վերցնելով»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ քառյակի ներկայացուցիչների` հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստի ընթացքում որևէ հակափաստարկ չի բերել իր ներկայացրած փաստարկներին:

«ՀԾԿՀ-ն անկախ մարմին չէ և սուսիկ-փուսիկ կատարում է իշխանությունների պատվերը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը:

Քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչները վստահեցրին, որ հետևողական են լինելու էլեկտրաէներգիայի սակագնի հարցում և համագործակցելու են քաղաքացիական նախաձեռնությունների հետ: Միաժամանակ` նրանք հայտարարեցին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում դեռ վերջնական որոշում չունեն, «քանի որ չեն հասցրել քննարկել»:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև նախագահի առաջարկին` աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին էներգիայի սակագնի հարցում` նշելով, որ այն «փուջ խոստում է»:

Վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստին հաստատել է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։

Հանրության շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել: Մտահոգությունների համաձայն` սակագնի բարձրացումը ոչ միայն ուղակիորեն է ազդելու բնակչության կենսամակարդակի վրա, այլև անուղղակիորեն հանգեցնելու է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացմանը:

Մեկնաբանել