Լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա. Սեյրան Օհանյան

Գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա. օգոստոսի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խմբակցությունների ղեկավարների հետ դռնփակ հանդիպումից հետո:

«Իրավիճակը առաջնային գծում լարված է, ցանկացած ժամանակ մեր հարևանները, անկասկած, կարող են կազմակերպել սադրանքներ, որը կարող է վերաճել պատերազմի։ Բայց այսօր հանրապետության նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի [իրավիճակը-ՍիվիլՆեթ] հանդարտեցվի։ Եվ այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր դեռևս գոյություն չունի»,- ասել է նա։

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ հանդիպմանը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի «խղճի վրա են երկուստեք զոհերը»: Նախարարը անհրաժեշտ է համարել նաև պատգամավորների մասնակցությունը պետական և բանակային միջոցառումներին՝ «համախմբելու բանակը, անձնակազմին, ոգևորելու զինծառայողներին և այն ծնողներին, որոնց զավակները զոհվել կամ վիրավորվել են»:

Անդրադառնալով բերձորցի կամավորների հարյուրյակի՝ սահման մեկնելուն՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ նպատակը զինծառայողներին ոգևորելն է:

«Գտնում եմ, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի այն ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքները, հմտություններն ու ունակությունները, որոնք այնքան էլ քիչ չեն, քան մեր փորձառու զինծառայողներինը։ Պարզապես մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացնել։ Եվ փորձառու զինծառայողի հմտությունները, անցած ճանապարհը ու այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակը այն համաձուլվածքն է, որը կարող է բերել միասնական հաջողությունների»,-ասել է պաշտպանության նախարարը։

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

Մեկնաբանել