Էրդողանը Սուդանի նախագահին Թուրքիա է հրավիրում

Լուսանկարում` Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրը:

Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրն օգոստոսի 11-ին հեռախոսազանգ է ստացել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից` ի պատասխան իր շնորհավորական հեռագրի:

Սուդանի պաշտոնական լրատվական գործակալությունը` ՍՈՒՆԱ-ն, հաղորդում է, որ Էրդողանը հետաքրքրվել է անցած շաբաթվա վերջին ձախ ծնկի վիրահատություն տարած Բաշիրի առողջությամբ:

Էրդողանը բարձր է գնահատել Բաշիրի և նրա երկրի հստակ դիրքորոշումը` Գազայի ճգնաժամի հետ կապված, ինչպես նաև նրա աջակցությունն իսլամական աշխարհում առկա այլ հարցերի շուրջ: Ըստ ՍՈՒՆԱ-ի` Բաշիրը, իր հերթին բարձր է գնահատել, «Էրդողանի համարձակ միջազգային դիրքորոշումները աշխարհում արդարության հաստատման հարցերին աջակցելու գործում»:

Այնուհետ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առաջընթացը, ինչպես նաև փոխանակվել այցելության հրավերներով:

Էրդողանը 2012-ից ի վեր մտադիր է Սուդան այցելել` մասնակցելու Դարֆուրում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող հիվանդանոցի հանդիսավոր բացմանը, սակայն ուղևորությունն անհայտ պատճառներով հետաձգվում է:

Բաշիրը, որը 2009-ին Միջազգային քրեական դատարանի կողմից թիրախավորվել էր` Դարֆուրում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության համար, միջազգային ճնշման ներքո չեղյալ էր հայտարարել իր այցը Թուրքիա, որի նպատակն էր մասնակցել Իսլամական կոնֆերանս կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին: Թուրքիան այդ ժամանակ հայտնել էր, թե Բաշիրին հրավեր չի ուղարկվել, և որ Անկարան պարզապես հյուրընկալել է կոնֆերանսը` վստահեցնելով, որ մտադրություն չունի ապագայում Բաշիրին հրավիրելու երկկողմ բանակցությունների:

Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Անկարան Բաշիրին թաքուն առաջարկել էր զերծ մնալ այցելությունից, քանի որ իրենց գլխավոր դատախազը կարող է գործել սեփական նախաձեռնությամբ և ձերբակալել Սուդանի նախագահին, չնայած որ երկիրը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ:

Այդուամենայնիվ, Էրդողանը պաշտպանել էր Բաշիրին` ասելով, որ մուսուլմանը չի կարող ցեղասպանություն գործել:

«Մուսուլմանը ոչ մի դեպքում չի կարող ցեղասպանություն գործել, նա անկարող է դա անել»,- հայտարարել էր Էրդողանն այդ ժամանակ` հավելելով. «Եթե նման բան լիներ [ցեղասպանություն], մենք այդ մասին դեմ առ դեմ կխոսեինք նախագահ Բաշիրի հետ»:

Էրդողանի խոսքով` ինքն այցելել է Դարֆուր և ականատես չի եղել ցեղասպանության որևէ հետքի:

Մեկնաբանել