ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը քննարկել են համատեղ հանրահավաքի կազմակերպումը, այլ հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը:

Երկու կուսակցությունների տարածած համատեղ հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր:

Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաև կարևորել են մինչև հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով:

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական չորս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են իշխանությանը ներկայացված իրենց 12 պահանջները:

Մեկնաբանել