Հայկական եկեղեցին՝ Մյանմարի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում

Ամենայն հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին առաջին հովվապետական այցով ժամանել է Մյանմար, որը կազմակերպվել էր Հեռավոր Արևելքի հայկական համայնքների ներկայացուցիչների, բարերար հայորդիների և Հայաստանի արտգործնախարարության ջանքերով:

Օդանավակայանում պաշտոնական ընդունելությունից հետո կաթողիկոսը մեկնել է հանդիպելու Ռանգունի գլխավոր նախարար Ն.Գ. Մինթ Սուիի հետ:

Նախարարը իր հերթին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը և գնահատանքով ընդգծեց հայերի Մյանմարում ունեցած կարևոր դերակատարությունը: Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքի՝ նախարարը նաև խոստացավ անհրաժեշտ աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել Ռանգունի փոքրաթիվ հայ համայնքին:

Հոկտեմբերի 1-ին Գարեգին Բ-ն այցելել է Մյանմարի քրիստոնեական հնագույն սրբավայր՝ 1862 թ. կառուցված Ռանգունի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ մասնակցել է «Յանգոնի Մշակութային ժառանգության հիմնադրամ» կազմակերպության (Yangon Heritage Trust) կողմից հայկական եկեղեցու մուտքին փակցված հուշատախտակի բացման արարողությունը, որով եկեղեցին ներառվել է Յանգոնի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում:

Հոկտեմբեր 3-ին կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մյանմարի կրոնի նախարար Ն.Գ. Թուրա Յու Մուն Մինթի և Մյանմարի նախագահի աշխատակազմի ղեկավար նախարար Ն.Գ. Յու Սո Թեյնի հետ: Պետական բարձրաստիճան հանդիպումներին երկուստեք անդրադարձ է կատարվել հայ-բիրմանական անցյալի հարուստ հարաբերություններին, ինչպես նաև անհրաժեշտություն նկատվեց աշխուժացնել երկու երկրների եղբայրական կապերը: Վեհափառը նախարարներին պաշտոնապես հրավիրել է այցելելու Հայաստան 2015թ-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից միջոցառումներին

Մեկնաբանել