Վիտալի Բալասանյանը ԼՂՀ նախագահին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձ իրականացնողներին

4-vitaly-balasanyanԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած քաղաքացիներ Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին, որոնք համապատասխանաբար ազատազրկվել են 11 և 9 տարով, հաղորդում է Artsakhpress.am-ը:

«Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին»,- նշված է նամակում:

2013թ. դեկտեմբերի 29-ին Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայի վրա դատապարտվածները ինքնաշեն պայթուցիկ սարք էին տեղադրել, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել նրանցից անկախ հանգամանքներով:

Մեկնաբանել