Արծվաշեն. Ադրբեջանի գրաված միակ գյուղը Հայաստանում

1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի 30-ին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կատարել, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը, որ բացել էին 1992-ի մայիսի կեսերից հետո:

Ադրբեջանի բանակային երկրորդ կորպուսը գեներալ-մայոր Դադաշ Ռզաևի հրամանատարությամբ հարձակում էր սկսել հյուսիսից: Արցախյան ուժերին հաջողվեց հակառակորդին կանգնեցնել Լաչինից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ:

Օգոստոսի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռագիր է հղում Հավաքական անվտանգության պայմանագրի (այսօր՝ ՀԱՊԿ) ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը. “Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված”:

Պատերազմի ծանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով օգոստոսի 16-ին կազմավորվում է ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակը:Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելվում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնում Հայաստանի ու Արցախի շրջափակումը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 20-ին նամակով դիմում է ՄԱԿ` շտապ կարգով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու խնդրանքով. “Ռուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին”:

Ճիշտ է, 1990-ական թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, սակայն պատերազմի ողջ ընթացքում միակ գյուղը Հայաստանի տարածքում, որ կարողացան գրավել ադրբեջանցիները, Արծվաշենն էր:

Նախքան Արծվաշենի գրավումը՝ 1990-1991 թթ. հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ադրբեջանական 8 գյուղեր, որոնցից մեկը՝ Քյարքին, այսօրվա Տիգրանաշենը: Այդ գյուղը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին և վերածվել էր ՙկղզյակի՚ Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանում: Քյարքին, որ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին 1990-ի սկզբին, Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի միջև է:

Քյարքիից բացի հայկական ուժերի վերահսկողության տակ են Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղեր: Ահա այդ գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան). Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի, Աշաղը Աքսիպարա – 637 հոգի, Բաղանիս-Այրում – 615 հոգի, Բարխուդարլու – 383 հոգի, Խեյրիմլի – 291 հոգի, Կըզըլ Հաջիլի – 266 հոգի, Սոֆուլու – 182 հոգիԻջևան-Նոյեմբերյան մայրուղին անցնում է այդ գյուղերից երեքով՝ Խեյրիմլի, Յուխարը Աքսիպարա և Բաղանիս-Այրում: Խեյրիմլին գրեթե չկա, իսկ մյուս երկուսից մնացել են ավերակներ: Հայկական Ոսկեպար և նախկին ադրբեջանական Աքսիպարա գյուղերի սահմանային հատվածում է գտնվում 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Մեկնաբանել