Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

12«Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը․ այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Երեկ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ։ Ավելի քան մեկուկես ժամ տևած զրույցից հետո Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, ինչպես նաև այլևս չի հրաժարվում բժշկական օգնությունից»,- նշեց Պապիկյանը։

Հրազենային վիրավորումով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Պետրոսյանը հացադուլի մեջ էր օգոստոսի 4-ից։ Գեղանկարիչը հայտարարել էր, որ հացադուլը կդադարեցնի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին և Ռոբերտ Ամիրխանյանին հանդիպելուց հետո։

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիպումը երեկ չի կայացել տեխնիկական պատճառներով․ կոմպոզիտորը քաղաքում չի եղել։ Առաջիկայում նման հանդիպում ակնկալվում է։

Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու ու պահելու մեջ։

Նա և «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էին ստացել հուլիսի 25-ի երեկոյան ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում ոստիկանության և «Սասնա ծռեր»-ի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով և տեղափոխվել էին «Էրեբունի» բուժկենտրոն, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»:

Մեկնաբանել