Միասեռ ամուսնությունների հակառակորդները պահանջում են Մարգվելաշվիլիի հրաժարականը

Margvelashvili MarriageՎրաստանում միասեռ ամուսնությունների հակառակորդները պահանջում են նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժարականը: Նրանց վրդովեցրել է այն փաստը, որ նախագահը հրաժարվել է միասեռ ամուսնություններն արգելելու հարցով հանրաքվե նշանակել, հաղորդում է Democracy and Freedom Watch ծառայությունը:

Նախաձեռնող խումբը, որը հուլիսին ԿԸՀ էր ներկայացրել 200 հազ. ստորագրություն՝ պահանջելով սահմանադրորեն ամրագրել, որ ամուսնությունը միություն է միայն կնոջ և տղամարդու միջև, Մարգվելաշվիլիի մերժումից հետո սպառնացել է նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսել:

Խմբի անդամները հայտարարում են, որ Մարգվելաշվիլին այլևս Վրաստանի լեգիտիմ նախագահը չէ, քանի որ անտեսել է կես մլն մարդկանց պահանջը:

Ամուսնության հարցը Վրաստանում արդիական է դարձել հունվարի վերջին՝ այն բանից հետո, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպան, փաստաբան Գիորգի Թաթիշվիլին Վրաստանի Սահմանադրական դատարան էր ներկայացրել հայց՝ միասեռ ամուսնությունների օրինականացման պահանջով: Իր հայցը փաստաբանը հիմնավորել էր նրանով, որ Սահմանադրությունում նշված չէ, որ ամուսնությունը դա միություն է միայն կնոջ և տղամարդու միջև, չնայած՝ դա ամրագրված է Քաղաքացիական օրենսգրքում:

Հայցի ներկայացումից հետո վրաց օրենսդիրների մի մասը հանդես էր եկել Սահմանադրությունում համապատասխան դրույթի ամրագրման օգտին, սակայն փոփոխություններն այդպես էլ չեն մտցվել ձայների պակասի պատճառով:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» իր գլխավորած կուսակցության՝ ընտրություններում հաղթանակի դեպքում, փոփոխություններն անպայմանորեն կմտցվեն Սահմանադրության մեջ:

Մեկնաբանել