Հայաստանի և Վրաստանի ղեկավարները. կրթական համեմատություն

14206_bԳաղտնիք չէ, որ երկրի բարձրագույն ղեկավարության ընդհանուր կրթական մակարդակը ուղղակի ազդեցություն ունի երկրի կառավարման որակների վրա:

Ճիշտ է՝ միշտ չէ, որ բարձր կրթամակարդակ ունեցող ղեկավարության դեպքում երկրում անպայման ամեն ինչ լավ է լինում: Սակայն օբյեկտիվորեն ենթադրվում է՝ կրթական բարձր մակարդակ ունեցող իշխանական էլիտա ունենալու դեպքում ավելի մեծ է հնարավորությունը, որ երկրի կառավարումը դրանից կշահի:

Փորձենք համեմատել Հայաստանի առաջին երեք բարձրագույն պաշտոնյաների կրթական մակարդակը հարևան Վրաստանի առաջին երեք բարձրագույն ղեկավարների հետ: Թե զարգացման ինչ ճանապարհով են ընթանում Վրաստանն ու Հայաստանը, խոսակցության առանձին թեմա է՝ չնայած հաճախ առանց խորքային վերլուծության էլ շատ փաստեր խոսում են ոչ Հայաստանի օգտին:

Բանասեր-«կոմերիտական դպրոցի» շրջանավարտ VS փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Սերժ Սարգսյան, Հայաստանի գործող նախագահ

2008-ից ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ 62-ամյա Սերժ Սարգսյանը 1971թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, որտեղից վերադառնալուց հետո միայն 1979թ․ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Քանի որ Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1975-ից մինչև 1979թ. Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում աշխատել է որպես խառատ, նշանակում է, որ նա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը ավարտել է երեկոյան ուսուցման կամ հեռակա կարգով:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ չի նշվում, որ 1980թ. Սերժ Ազատի Սարգսյանը ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»: Այս տեղեկությունը հրապարակած ilur.am կայքը, որպես ապացույց հոդվածին, կցել է 1980թ. շրջանավարտների ավարտական լուսանկարը (վինետկա), որտեղ երևում է Սերժ Սարգսյանին նման մի երիտասարդ, իսկ նկարի տակ գրված է՝ Саргсян С.:

Սերժ Սարգսյանի՝ Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցի» շրջանավարտ լինելու մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանի կամ նախագահական նստավայրի կողմից չի հերքվել:

Գիորգի Մարգվելաշվիլի, Վրաստանի նախագահ

2013-ից Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կրթական ոլորտի հետ սերտ առնչություն ունեցած գործիչ է: 49-ամյա Մարգվելաշվիլին 1992թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալասրանը՝ փիլիսոփա մասնագիտացումով: 1993-1996թթ շարունակել է ուսումը Պրահայում՝ Չեխիայի կենտրոնական եվրոպական համալսարանում և Վրաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտում:

1998թ. Մարգվելաշվիլին Թբիլիսիի պետական համալսարանի կողմից ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:

Տնտեսագետ-«դարոժնիկ» vs բժիշկ-ֆինանսիստ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված` ՀՀ վարչապետ, 58-ամյա Հովիկ Աբրահամյանի կենսագրական տվյալների մեջ շատ հակիրճ ու ընդհանրական անդրադարձ կա նրա կրթությանը: Միայն նշվում է, որ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Չի մանրամասնվում, թե երբ է ավարտել ու ինչ մասնագիտացում ունի: Խոսակցություններ կան, որ Աբրահամյանը ԵԺՏԻ-ի (Ժողինստիտուտ) դիպլոմը ձեռք է բերել բավականին ուշ, երբ արդեն պետական բարձրաստիճան պաշտոնյա էր: Հավանաբար հենց այդ պատճառով էլ չի նշվում, թե երբ է նա ավարտել ԵԺՏԻ-ն: Սա վարչապետի պաշտոնական կենսագրության միակ տարօրինակությունը չէ։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը սկսվում է 32 տարեկանից․ թե նա ինչով է զբաղվել դրանից առաջ, չի նշվում:

Միաժամանակ ոչ պաշտոնական կենսագրական տվյալների մեջ նշվում է, որ Հովիկ Աբրահամյանը 1980-84 թթ. սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում: Թե ի՞նչ պատճառով է այդ փաստը բացակայում ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալներից, անհասկանալի է:

Գիորգի Կվիրիկաշվիլի, Վրաստանի վարչապետ

2013թ. դեկտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած 49-ամյա Գիորգի Կվիրիկաշվիլիի կենսագրական տվյալների մեջ նշվում է, որ նա սկզբում ցանկացել է բժիշկ դառնալ՝ 1992թ․ ավարտելով Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը: Սակայն անմիջապես դրանից հետո բռնել է տնտեսագետ դառնալու ուղին և 1995թ. ավարտել Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստճան: 1998թ. ավարտել է ԱՄՆ Իլլինոյսի համալասարանի մագիստրատուրան՝ ֆինասներ մասնագիտությամբ:

Բանասեր vs իրավաբան

Գալուստ Սահակյան, Հայաստանի խորհրդարանի նախագահ

68-ամյա Գալուստ Սահակյանը ՀՀ օրենսդիր մարմինը ղեկավարում է 2014-ից: Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա կենսագրական տվյալների մեջ մեկ տողով գրված է, որ 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ բանասեր է: Կրթության նոր բարձունքներ նվաճելու մասին որևէ այլ տեղեկություններ Գալուստ Սահակայնի կենսագրական տվյալների մեջ չկան:

Դավիթ Ուսուպաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ

1992թ. Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտած Դավիթ Ուսուպաշվիլին Վրաստանի խորհրդարանի ղեկավար է դարձել 2012թ. խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո: 48-ամյա Ուսուպաշվիլիի կենսագրական տվյալներում նշվում է, որ նա ավարտել է նաև ԱՄՆ Դյուկի համալսարանի հասարակական քաղաքականության ինստիտուտը: Սակայն թե երբ է ավարտել, չի նշվում:

***

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ բարձրաստիճան երեք պաշտոնյաները կրթություն են ստացել Հայաստանում, խորհրդային ժամանակահատվածում, այսպես ասած՝ «ձեռի հետ»: Իսկ ահա նրանց վրացի գործընկերները Վրաստանում կրթություն ստանալուց բացի՝ ուսանել են Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններում:

Հայաստանում իշխանության ղեկը գտնվում է խորհրդային արժեհամակարգ ունեցող (կամ ընդհանրապես արժեհամակարգ չունեցող) իշխանական էլիտայի ձեռքում: Ավելին՝ իշխանական ու քաղաքական էլիտան Հայաստանում 90-ականներից սկսած՝ գրեթե ոչ մի փոփոխություն չի կրել՝ նույն դեմքերն են՝ տարբեր աթոռների վրա:

Իսկ ահա Վրաստանում 2003թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանական ու քաղաքական էլիտայի կազմը դինամիկ ու արմատական փոփոխությունների է ենթարկվում, տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, թարմացվում է քաղաքական էլիտայի ներկապնակը:

Հայաստանի բարձրագույն երեք պաշտոնյաների միջին տարիքը՝ 62,5 է, իսկ Վրաստանի դեպքում այդ տարիքը 48,5 է:

Մեկնաբանել