Արցախը և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը․ ինչ է գրվել

Օրերս հրապարակվեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը։ 47 էջանոց փաստաթղթում, ի շարս տարբեր խնդիրների, անդրադարձ կա ղարաբաղյան հիմնախնրին և Արցախին։

Արցախի անվտանգության պաշտպանությանը նվիրված դրութները զետեղված են չորրորդ գխլում, որը վերնագրված է «Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը»:

Արցախին վերաբերող կետեր կան փաստաթղթի նաև այլ էջերում:

Նախ Ազգային անվտանգության ռազմավարության սկզբում զետեղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որտեղ նա ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- ասվում է Փաշինյանի ուղերձում:

Փաստաթղթում ազգային նպատակների շարքում նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

«Արցախի անվտանգության ապահովումը» խորագրով ենթագլխում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է:

Ռազմավարությունում նշվում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակել է արդարացնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Գանձակում հայերի հանդեպ իրագործված զանգվածային ջարդերը և հայատյաց քաղաքականությամբ խոչընդոտել է հաշտեցմանը:

«2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը»,- ասված է ռազմավարությունում:

Նշվում է նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:

Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին:

«Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:

Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը»,- ասված է փաստաթղթում:

Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, վստահ են փաստաթղթի հեղինակները:

Ռազմավարությունում խոսվում է նաև Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական անվտանգության հետագա ամրապնդմանը Հայաստանի աջակցության մասին:

«Մարդու իրավունքները՝ ներառյալ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, անօտարելի արժեքներ են, և դրանց լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ նաև միջազգային հանրության համար», – ասված է փաստաթղթում:

«Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու, որպեսզի Արցախի ազգաբնակչության վրա ամբողջությամբ տարածվեն և ճանաչվեն սեփական ճակատագիրը տնօրինելու, պետական կառուցվածքը, տնտեսական զարգացման ձևերն ու եղանակներն ազատորեն որոշելու, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով կառավարություն ընտրելու ժողովուրդների համընդհանուր իրավունքները:

Հայաստանն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից», – ասված է ռազմավարությունում:

Հ․Գ․

Ազգային անվտանգության ռազմավարությունում «Արցախի Հանրապետություն» եզրույթը չի օգտագործվել:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել