ՍիվիլՆեթը՝ Տավուշի ֆուտբոլի մրցաշարի տեղեկատվական հովանավոր

ՍիվիլՆեթի տնօրեն Աբo Պողիկեանը հայտարարել է, որ ՍիվիլՆեթը դառնում է սեպտեմբերի 19-20-ին Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադին) շրջանի գյուղերի դպրոցների միջև ֆուտբոլի մրցաշարի տեղեկատվական հովանավոր:

Մրցաշարը նախաձեռնել է Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

«Միանալով այս նախաձեռնությանը՝ ՍիվիլՆեթը դպրոցականների ֆուտբոլային մրցաշարը վերածելու է տոնակատարության, մանավանդ, որ այն անցկացվում է սեպտեմբերի 21-ի նախօրեին»,- ասել է Պողիկեանը: 

Մրցաշարը անցկացվելու է Տավուշի Նավուր բնակավայրում և կրելու է «Անկախության գավաթ» անունը:

«Ֆուտբոլը ևս մեկ հնարավորություն է, որ Տավուշի մարզը և Բերդի տարածաշրջանը, որ Ադրբեջանի հետ ունի ավելի քան 180 կիլոմետր սահման, մնա համահայկական ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ սահմանի բերանին բնակվող մեր դպրոցականները անջնջելի հիշողություն ունենան այս մրցաշարից»,- ասել է Պողիկեանը: 

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը երկրորդ անգամ է Բերդի շրջանում անցկացնում դպրոցականների մրցաշարը: Նախկին՝ 2019-ին տեղի ունեցած մրցաշարին մասնակցել է շուրջ 200 դպրոցական:

Մրցաշարի հաղթող դպրոցները և լավագույն ֆուտբոլիստները կստանան պարգևներ՝ գնդակներ, մարզազգեստ և աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասին գրքեր։