278 միլիոն դրամ՝ Տավուշի գյուղերի վերականգնման համար

Տավուշի մարզում ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների, ինչպես նաև դպրոցների բարեկարգումն ու անվտանգությունը ապահովելու նպատակով կառավարությունը 277,6 միլիոն դրամ կտրամադրի Տավուշի մարզպետարանին։ Հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։ 

Ըստ նախագծի 277,6 միլիոն դրամից մոտ 111 միլիոնն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, մոտ 84 միլիոնը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ մոտ 83 միլիոնը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը։ 

Սահմանամերձ համայնքների շենք-շինությունների վերականգնման համար գնումների մրցույթը թույլատրվել է կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով։ Երկու շաբաթ առաջ կառավարությունը այս նատակով ևս 25 միլիոն դրամ էր հատկացրել Տավուշի մարզպետարանին։