Նավալնիի կինը Պուտինից պահանջել է թույլ տալ ամուսնուն տեղափոխել Գերմանիա՝ բուժման

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին կորցրել է գիտակցությունը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ, վիճակը գնահատվում է կայուն ծանր, գրում է «Մեդուզան»։

Նավալնիի համախոհները կարծում են, որ նրան թունավորել են։ Թռիչքից առաջ նա թեյ է խմել Տոմսկի օդանավակայանի սրճարանում և մտերիմների՝ գուցե հենց այնտեղ ինչ-որ բան խառնել են թեյի հետ։

Տրանսպորտային ոստիկանությունը հաստատել է, որ Նավալնիի օրգանիզմում վտանգավոր նյութ կա, սակայն չի հստակեցրել, թե ինչ։

Օգոստոսի 21-ին անցկացված հետազոտությունները Ալեքսեյ Նավալնիի արյան և մեզի մեջ թունավոր նյութեր չեն հայտնաբերել․ այս մասին հայտարարել է Օմսկի №1 շտապ բժշկական օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն: Թույնի հետքեր նույնպես չկան։

Հետազտությունները, ըստ բժշկի, անցկացվել են Մոսկվայում և Օմսկում։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցները խնդրել են Նավալնիին բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, սակայն Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ չեն տվել։

Նավալնիի կինը՝ Յուլիան, պնդում է, որ այն ժամանակահատվածում, երբ բժիշկները մերժում են իր ամուսնուն տեղափոխել այլ վայր՝ բուժման, թույնի մնացորդները դուրս կգան նրա օրգանիզմից:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կօգնի Նավալնիին արտերկիր տեղափոխելու հարցում, եթե նման դիմում ընդունվի:

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել