«Ծննդի գրանցումը՝ ծննդատանը». ծրագրի մանրամասները

Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է դեռ 2020-ի մարտի 8-ին հայտարարված «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մանրամասները:

Ծրագրին հենց առաջին փուլում միացել էին Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։ Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսել են կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվել երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը:

Բադասյանի խոսքով՝ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 255 ծնունդ, որից 3 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։

«Այս Ծրագրով մենք ոչ միայն նպաստեցինք յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, այլև խնայեցինք երեխայի ծնողների ժամանակն ու ֆինանսները։ Բացի այդ, Ծրագիրը նաև ամբողջությամբ համապատասխանեց կորոնավիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացիների տեղաշարժը կապված երեխայի ծննդի գրանցման հետ»,- գրել է Բադասյանը:

Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Երևանի հետևյալ բժշկական կազմակերպությունները՝

«Էրեբունի» բժշկական կենտրոն,
«Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ,
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,
«Շենգավիթ» բժշկական կազմակերպություն,
«Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կազմակերպություն,
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կազմակերպություն,
«Աստղիկ» բժշկական կազմակերպություն։

«Մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը Ծրագրին կմիանա Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կազմակերպությունը, և կազդարարենք Ծրագիրը մարզերում մեկնարկելու մասին․առաջինը կմիանան Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն» ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը»:

Արդարադատության նախարարը նշել է, որ ծրագիրը շարունակական է և Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ դրան:

Մեկնաբանել