Հայկական կողմը զգալի հաջողություններ է գրանցել, մարտերի ինտենսիվությունը չի նվազել. ՊԲ հրամանատարի տեղակալ

Ռազմաճակատի տարբեր ուղղություններով հայկական կողմը զգալի հաջողություններ է գրանցել՝ հետ վերցնելով ավելի վաղ կորցրած դիրքերը՝ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այդ մասին միասնական տեղեկատվական շտաբում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հակառակորդը այսօր ևս օգտագործել է ամբողջ զինանոցը՝ ավիացիա, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, զինանոցում գտնվող հրթիռահրետանային միջոցներ»,-ասել է Սարգսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը փորձել է ամրանալ նախկինում եղած դիրքերում։ Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը այսօրվա ընթացքում կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 13 ԱԹՍ, մարդկային կորուստները գերազանցել են 500-ը։

Սիվիլնեթի լրագրողի հարցին, թե արդյոք մարտերի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ նվազե՞լ է, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։ Նա նաև հայտարարեց՝ F-16 կործանիչի կիրառում եղել է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել