Եթե հրթիռակոծությունները չդադարեն, Արցախը կդիմի Հայաստանին ու աշխարհին՝ ճանաչման համար

Եթե Ադրբեջանի կողմից հրթիռակոծությունները չդադարեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում, հրադադարը չվերականգնվի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կդիմի Հայաստանին ու աշխարհին՝ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու համար։ Այդ մասին նա հայտարարեց հոկտեմբերի 11-ի ասուլիսում։

«Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, պաշտպանում են տեռորիզմը։ Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքն ու երբեք չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց նա։ Խոսելով շփման գծում հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասին՝ Հարությունյանը հայտարարեց՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է այդ պայմանավորվածությունը. «Ուզո՞ւմ են երկարատև պատերազմ, լավ, իրենք են ընտրել այդ տարբերակը։ Մենք չենք սկսել պատերազմը»,-հայտարարեց Հարությունյանը։

Անդրադառնալով Հադրութում տեղի ունեցած իրադարձություններին՝ նա ներկայացրեց. «Քանի որ Ալիևը հայտարարել է, թե գրավել են Հադրութը, որպես վերջին հարված հրադադարից առաջ ընտրել է Հադրութ քաղաքը ու համատեղ երևի թե այլ երկրների հետ ձևավորել են մի դիվերսիոն խումբ, որի նպատակն է եղել գրավել Հադրութ քաղաքը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք ու Հադրութի մոտակայք, բայց մեզ հաջողվել է վերաձևավորվել ու դիմակայել, ու այսօր Հադրութի քաղաքապետը Հադրութի վարչական շենքում է»։

Արայիկ Հարությունյանը նաև ասաց՝ միջազգային հանրությունից բացի հայտարարություններն ու կոչերը, ավելի առարկայական գործողություններ է ակնկալում։

Մեկնաբանել