Մարտական գործողությունները ունեն հստակ մարտավարություն, որը մեր հրամանատարությունը հասկանում է. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից Արցախի հյուսիսային ու հարավային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, որոնք հետ են մղվել։ Առավել համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Մարտերը, ցերեկվա համեմատությամբ, ավելի թեթև ինտենսիվությամբ, բայց այժմ էլ շարունակվում են։

«Մարտական գործողությունները ունեն հստակ մարտավարություն, որը մեր հրամանատարությունը հասկանում է։ Խոսքն այն մասին է, որ ադրբջանական զինված ուժերի դիվերսիոն խմբավորումները թափանցում են մերձբնակավայրային հատվածներ, այնտեղ նկարահանվում են, տարածում այդ լուրերը, որը նախատեսված է նախ սեփական հանրությանը կերակրելու համար, բայց ցավոք ազդում է նաև մեր վրա»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանն ու օրինակ բերեց՝ կան բնակավայրեր, որոնք, ըստ Ադրբեջանի, 15 օր առաջ արդեն գրավված էին, բայց մինչ այժմ այդ բնակավայրերում չկա հակառակորդի վերահսկողությունը, այդ տարածքներ զորախմբերի մուտքն ու ելքը ջախջախվում է։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ երեկ և այսօր հայկական կողմի առաջխաղացումների ժամանակ եղել են դեպքեր, երբ շրջափակումից կամ թաքստոցներից ողջ մնացած զինծառայողներ են հայտնաբերվել։

Արծրուն Հովհաննիսյանի հետ ասուլիսին մասնակցում էր նաև սիսիանցի կամավորական Հարություն Բաղդասարյանը, որը մարտադաշտում վիրավորվել էր. «Երեք պետության դեմ կռվում ենք, ի՞նչ անենք։ Ինչ ուզում է անեն՝ չեն հաղթելու։ Զենքն էլ ունենք, դուխն էլ ունենք»,-ասաց նա։ Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ հաճախ դիրքեր սնունդ հասցնող մեքենաները գնդակոծվում են Ադրբեջանի կողմից, ինչը խնդիրներ է ստեղծում։

Մեկնաբանել