Իլհամ Ալիևը և Ադրբեջանը կարիք ունեն ցավալի, շատ ցավալի հարվածների

Արցախյան հակամարտությունը և նրա հնարավոր կարգավորումը ընթացել է երեք մակարդակներում. առաջին (տեղական)` Հայաստան, Արցախ և Ադրբեջան, երկրորդ (տարածաշրջանային)՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա, երրորդ (համաշխարհային)՝ Ռուսաստան, Ֆրանսիա (ԵՄ) և Միացյալ Նահանգներ:

1991-1994 թթ տևած շուրջ 1000 օրերի, 2016 թ. Ապրիլյան քառօրյայի, ինչպես նաև ամբողջ միջազգային բանակցային գործընթացի ժամանակ, որ սկիզբ է առել 1991-ի սեպտեմբերից, այս բոլոր երեք մակարդակները տարբեր չափումներով ներգրավվածություն են ունեցել:

Այսպես, 1991-1994թթ պատերազմի տարիներին ռազմական գործողություններն ընթանում էին Արցախի ու Ադրբեջանի, բայց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով, ինչպես նաև՝ ոչ ուժգնությամբ և էպիզոդիկ՝ Նախիջևանի հատվածում: Երկրորդ մակարդակի խաղացողները՝ տարածաշրջանի ծանրքաշայիններ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ևս ներգրավված էին՝ ուղղակի կամ անուղղակի: Ռուսաստանը զենք էր վաճառում հայերին և ադրբեջանցիներին՝ պահպանելով հավասարակշռություն, Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, իսկ Իրանը պահում էր հավասար հեռավորություն հակամարտության կողմերից: Իսլամական համերաշխությունը Իրանին անտարբեր չէր թողնում Ադրբեջանի հանդեպ, մյուս կողմից՝ Թեհրանը բարեկամական դիրք էր գրավել Երևանի նկատմամբ:

Ռուսաստանը խաղում էր նաև երրորդ մակարդակում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: 1991-ի սեպտեմբերին առաջին միջնորդական առաքելությունը իրականացվեց Բորիս Ելցինի ջանքերով և Ժելեզնովոդսկում ստորագրված հուշագրով, որը սակայն կյանքի չկոչվեց: 1992-ի մարտին, երբ ձևավորվեց Մինսկի խումբը, իսկ 1997-ից ԵԱՀԿ եռանախագահությունը, Ռուսաստանը գործում էր և՛ որպես առանձին պետություն, և՛ որպես եռանախագահներից մեկը: Հենց Ռուսաստանի ջանքերով էր, որ 1994-ի մայիսին Բիշքեկում և ապա Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հաստատվեց անժամկետ զինադադար:

2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ ևս հակամարտությունը ընթանում էր երկու մակարդակներում. Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա շփման գծի ամբողջ երկարությամբ, Հայաստանը կատարում էր Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը: Երկրորդ մակարդակում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին: Իրանը պահում էր դրական չեզոքություն: Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց, և կողմերը վերադարձան ավելի փխրուն զինադադարի:

2020-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը պատերազմ սկսեց շփման գծի ամբողջ երկարությամբ՝ մարտի դաշտ նետելով անօդաչու հետախուզական և հարվածային թռչող սարքեր, ավիացիա, հրետանի, հետախուզական-դիվերսիոն խմբեր: Ամենաժամակակից զենքերով Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի հողը: Նման փոքր տարածքում աննախադեպ ինտենսիվությամբ արդեն մեկ ամսից ավելի ընթացող պատերազմը կարող է տեղ գտնել ռազմարվեստի հատորներում: Աննախադեպ է զոհերի ու վիրավորների թիվը: Արդեն կարելի է խոսել մինչև 8 հազար զոհերի ու երկու տասնյակ հազար վիրավորների մասին: Համեմատության համար նշենք, որ 1991-1994 թթ․ պատերազմի ընթացքում հայերը տվել են մինչև 6 000, ադրբեջանցիները՝ մինչև 12 000 զոհ: Այսպիսով, եթե այդ պատերազմում հայերը օրական տվել են 6 զոհ, ադրբեջանցիները՝ 12, ապա այս պատերազմում կողմերը տալիս են օրական մինչև 300 զոհ երկու կողմերից:

Շարունակվող այս պատերազմը առաջին մակարդակից հենց առաջին օրվանից տեղափոխվել է երկրորդ մակարդակ: Թուրքիան բացահայտ ներգրավված է և Ադրբեջանին աջակցում է զենքով, ռազմական հրահանգիչներով, քաղաքական ու քարոզչական դաշտում: Ավելին, Թուրքիայի անմիջական օգնությամբ Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել հարյուրավոր ջիհադիստ-ահաբեկիչներ: Օտարերկրյա վարձկանները իրենց ներկայությունը ունեցել են նաև 1991-1994 թվականներին: Այս պատերազմի նորություններից մեկը, որ կրկին պետք է տեղավորել երկրորդ մակարդակում, իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի գործոնն է: 2016-ին ևս Ադրբեջանը օգտագործեց ԱԹՍ-ներ, մասնավորապես՝ կամիկաձեներ:

Երկրորդ մակարդակում ամենակարևոր երկրորդ դերակատարը Ռուսաստանն է, որը, պահելով քաղաքական չեզոքություն, Հայաստանին օգնում է մատակարարումների հարցում: Պետք չէ այլևս թաքցնել, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ու Արցախը չէին կարող դիմադրել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս աննախադեպ հարձակմանը: Մենք կարող ենք անգամ խոսել Կովկասում ռուս-թուրքական proxy պատերազմի մասին:

Իրանը, ինչպես նախկինում և որպես երկրորդ մակարդակում գործող տարածաշրջանի ծանրքաշային, պահում է իր չեզոքությունը, բայց նաև ակնհայտ է նրա բարեկամական կեցվածքը Հայաստանի նկատմամբ:

Շարունակվող այս պատերազմում երրորդ մակարդակի պետությունները՝ համաշխարհային ուժային կենտրոնները՝ Ռուսաստան, ԵՄ և ԱՄՆ, ևս ներգրավված են: Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի երեք առանձին փորձերը՝ հասնելու հումանիտար հրադադարի, մնացին թղթի վրա, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ չի դադարեցնում ռազմական գործողությունները և արհամարհում է միջազգային հանրությանը:

Միջազգային դիվանագիտությունը օգտակար կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայկական բանակը կարողանա ցավալի հարված հասցնել Ադրբեջանին, նրան կանգնեցնել և հետ մղել ելման բնագծեր: Քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ կարող է հաջողության հասնել ռազմի դաշտում, անկախ զոհերի թվից ու բանակի մաշվելուց, կանգ չի առնելու:

Իլհամ Ալիևը և Ադրբեջանը կարիք ունեն ցավալի, շատ ցավալի հարվածների: Քանի դեռ ադրբեջանական էյֆորիան չի վերածվել մարդկային մեծածավալ ողբերգության, Բաքուն չի սթափվելու:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել