Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մոսկվային շատ դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ Կոմերսանտ

Ռուսական «Կոմերսանտ» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի վերաբերյալ։ Փաշինյանը Պուտինին շաբաթ օրը դիմել էր՝ սկսելու անհապաղ երկկողմ խորհրդակցություններ Ռուսաստանի հնարավոր ռազմական օգնությունը քննարկելու համար։

Ժնևում ձեռք բերված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ արդեն չորրորդ պայմանավորվածության տապալումը և ադրբեջանական բանակի շարունակվող հարձակումը ստիպեցին Երևանին գնալ ծայրահեղ քայլերի, գրում է թերթը։

Ղարաբաղյան նոր պատերազմի ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի աջակցությունը իր երկրի անվտանգության ապահովման գործում։ Երևանում, ըստ թերթի, հասկացնել են տալիս, որ առաջիկա օրերին նախատեսված խորհրդակցությունների ընթացքում կբարձրացվի ռազմական օգնության հարցը։

«Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մոսկվային շատ դժվար ընտրության առաջ է կանգնեցրել։ Բաքվի և նրա հետևում կանգնած Թուրքիայի հետ հակամարտությունը Մոսկվայի համար անընդունելի է, սակայն Մոսկվան չի կարող թույլ տալ իր դաշնակցի պարտությունը, որը հարված կլինի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հեղինակությանն ու շահերին»,- գրում է Կոմերսանտը։

«Հասկացնելով, որ ինքը բացառում է Ղարաբաղի հարցում փոխզիջման հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը գնաց արմատական քայլի, որը չէր համարձակվում անել նախկինում։ Շաբաթ առավոտյան Հայաստանի ղեկավարը ուղերձ հղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան կոչ անելով խորհրդակցություններ սկսել անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցության հարցով։ Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ չեն բացահայտվում պարոն Փաշինյանի նամակի մանրամասները, սակայն նշվում է, որ նա «մանրակրկիտ ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և առաջացած մարտահրավերները»»:

ՌԻԱ Նովոստի գործակալությանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել է, որ խորհրդակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։

Կոմերսանտի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ հակամարտության գոտում ռազմական անհաջողությունների ֆոնին սրման վրա խաղալով և օգնության խնդրանքով դիմելով Ռուսաստանին՝ Հայաստանի միակ հնարավոր արտաքին պաշտպանին՝ Նիկոլ Փաշինյանը դիմել է ծայրահեղ քայլի։ Այդ քայլը ոչ միայն բարդ դրության մեջ է դնում Մոսկվային, այլև կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի առաջնորդի քաղաքական ապագայի համար։

«Դատելով ամենից՝ Փաշինյանը մտադիր է Մոսկվայից ուղիղ պահանջել դաշնակցային պարտավորությունների կատարում՝ և՛ բազմակողմ (ՀԱՊԿ շրջանակում), և՛ երկկողմ (Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու մասին պայմանագրով)»,- Կոմերսանտին պարզաբանել է «Անատոլի Սոբչակ» հիմնադրամի փորձագետ Սերգեյ Ստանկևիչը, որը 1990-ականներին ՌԴ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական էր և մասնակցել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման բանակցություններին:

«Մոսկվայի համար անընդունելի է հակամարտության մեջ ներքաշվել Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով։ Նման քայլը կարող է հանգեցնել աղետալի կորուստների առանց որևէ դրական իմաստի։ Մոսկվան բոլոր հիմքերն ունի մերժելու Երևանին ուղղակի ռազմական օգնության պահանջը՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, և նրա կարգավիճակը չի ճանաչել անգամ Երևանը»,- նշում Է Սերգեյ Ստանկևիչը։

«Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ռուսաստանի ղեկավարության առջև բարդ երկընտրանքներ է դնում։ Հայաստանի կողմում բացահայտ ռազմական միջամտությունն անխուսափելիորեն հարց կառաջացներ Մոսկվայի հավասարության և հակամարտության մեջ նրա միջնորդական դերի մասին։ Այդ դեպքում նույն Անկարան կհայտարարեր, որ իր դիրքորոշումը ոչնչով վատ չէ, քանի որ եվրասիական երկու խոշոր տերությունները սատարում են յուրայիններին»,- նշում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Մեկ այլ սցենար՝ դիմումը բացառապես ֆորմալ-իրավական սյուժեներին։ Սակայն նման դիրքորոշումը կամրապնդի Հայաստանի ներսում տրամադրությունները նրանց մոտ, ովքեր Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից ձեռնտու չեն համարում։ Հայ քաղաքական հանրության համար այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, անբաժան է բուն Հայաստանից», – ասում է Մարկեդոնովը։

Նրա կարծիքով՝ իրավիճակում, երբ «խաղադրույքները շատ բարձր են, կարևոր է պահպանել հակամարտության երկու կողմերի վրա ազդեցությունը և բաց չթողնել տարածաշրջանում քաղաքական նախաձեռնությունը»:

«Բոլորովին պարտադիր չէ ամեն ինչ տանել ընտրության՝ բաց ռազմական միջամտություն կամ լռություն։ Բավական է պողպատե նոտաներ ավելացնել Մոսկվայի ձայնին՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջների վերաբերյալ։ Դիվանագիտական ակտիվացումը շատ կարևոր է։ Եվ չարժե այդքան կոշտ կապվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ։ Բացի այդ, Մոսկվան կարող է մեծացնել իր սեփական գործողությունները»,- ասել է Մարկեդոնովը։

«Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությանը ուղղակի ռազմական միջամտությունը խելամիտ չէր լինի՝ հաշվի առնելով, որ նման գործողություններն անմիջապես կզրկեին նրան կողմերի միջև առանցքային միջնորդի դերում հանդես գալու իրավունքից։ Որևէ հիմք չկա ենթադրելու, որ Մոսկվան կընտրի այդ սցենարը՝ հաշվի առնելով նրա բոլոր նախկին հայտարարություններն ու անսպասելիորեն մեղմ դիրքորոշումը, որը նախագահ Պուտինը ստանձնել է Բաքվի թիկունքում կանգնած Թուրքիայի նկատմամբ։ Բացի այդ, Մոսկվայում չեն կարող իրենց հաշիվ չտալ, որ ներկայիս իրավիճակը շատ բանով հրահրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հասցեին իր ընդգծված կտրուկ հայտարարություններով, որ իրենց թույլ չէին տալիս նրա նախորդները»,- ասում է ՌԴ միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։

«Սակայն, վերապահումներ ունենալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ իր ազդեցության ուղեծրից հեռանա վիրավորված Հայաստանը․ նման սցենարը վատ օրինակ կլինի հետխորհրդային տարածքում այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար և խիստ տհաճ հետևանքներ կունենա Ռուսաստանի ռազմավարական շահերի համար ողջ Եվրասիայում: Այդ պատճառով հրաժարվելով պատերազմել Հայաստանի համար՝ Ռուսաստանը պետք է դիտարկի Երևանին օգնելու տարբերակները, ներառյալ սպառազինությունների մատակարարումները, որոնք կարող են նրա դաշնակցին զերծ պահել պարտությունից»,- ասել է Անդրեյ Կորտունովը։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել