ՀԲ-ն տրանսֆերտների աճ է կանխատեսում

Հայաստանի վիճակագրական տվյալները փաստում են 2011թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան դրամական փոխանցումների 20% աճի մասին:

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ այս տարի դեպի զարգացող երկրներ դրամական փոխանցումների ծավալը կհասնի $351 մլրդ-ի, իսկ ամբողջ աշխարհում, ներառյալ բարձր եկամտաբերությամբ երկրները, տրանսֆերտների մակարդակը կհասնի $406 մլրդ-ի:

2011թ. օրինական ճանապարհով դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրներն են Հնդկաստանը՝ $58 մլրդ, Չինաստանը՝ $57 մլրդ, Մեքսիկան՝ $24 մլրդ, Ֆիլիպինները՝ $23 մլրդ: Դրանց հաջորդում են Պակիստանի, Բանգլադեշի, Վիետնամի, Եգիպտոսի և Լիբանանի բնակիչները:

Ըստ զեկույցի՝ անգամ համաշխարհային տնտեսական անկումը, որը վտանգում է ներգաղթյալ աշխատողների զբաղվածության հեռանկարները որոշ զարգացած երկրներում, չի խոչընդոտելու տրանսֆերտների մակարդակի աճը: 2014թ. այն կհասնի $515 մլրդ-ի, որից $441 մլրդ-ը կհոսի զարգացող երկրներ:

«Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, որն ազդել է մասնավոր կապիտալի հոսքերի վրա, տրանսֆերտների հոսքը դեպի զարգացող երկրներ պահպանել է աճի միտումը. 2011թ. արձանագրել է 8% աճ,– ասել է ՀԲ զարգացման հեռանկարների խմբի տնօրեն Հանս Թիմերը:– Ֆինանսական ճգնաժամից հետո սա առաջին տարին է, երբ արձանագրվել է դեպի բոլոր զարգացող երկրներ փոխանցումների մակարդակի աճ»:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ նավթի բարձր գներն ապահովել են Ռուսաստանից դեպի Կենտրոնական Ասիա ու Հարավային Կովկաս և Ծոցի երկրներից դեպի Հարավային ու Արևելյան Ասիա դրամական փոխանցումների համար անվտանգության անհրաժեշտ բարձիկ:

Բացի դրանից՝ որոշ երկրներում ազգային արժույթի արժեզրկումը (Հնդկաստան, Մեքսիկա, Բանգլադեշ) լրացուցիչ խթան է ստեղծել դրամական փոխանցումների համար, քանի որ ապրանքները և ծառայությունները դոլարային արտահայտությամբ էժանացել են:

Զեկույցում նշվում է, որ Համաշխարհային բանկի կողմից առանձնացված վեց զարգացող տարածաշրջաններից չորսում դրամական փոխանցումների աճը նախատեսվածից բարձր է եղել: Այսպես՝ դեպի Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա դրամական փոխանցումների աճը կազմել է 11%, Հարավային Ասիայի երկրներ՝ 10.1%, Արևելյան Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 7.6%, Անդրսահարյան Աֆրիկա՝ 7.4%:

Սակայն Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ դրամական փոխանցումների աճը, ըստ զեկույցի, սպասվածից 7%-ով ցածր է եղել՝ պայմանավորված ԱՄՆ-ի տնտեսական անկայունությամբ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիական հակամարտություններից և Արաբական գարնան իրադարձություններից տուժած տարածաշրջանները գրանցել են զարգացող շրջաններում տրանսֆերտների աճի ամենացածր մակարդակը՝ 2,6%:

Համաշխարհային բանկի մասնագետներն ակնկալում են դրամական փոխանցումների շարունակական աճ՝ 2012թ.՝ 7.3%, 2013թ.՝ 7.9%, իսկ 2014թ.՝ 8,4%:

Զեկույցի հեղինակները լուրջ ռիսկեր են տեսնում՝ կապված միջազգային փոխանցումների և միգրացիոն հոսքերի հեռանկարների հետ: Եվրոպայում և ԱՄՆ-ում տիրող գործազրկությունն ազդում է միգրանտների՝ աշխատանք գտնելու հեռանկարների վրա և բարդացնում ներգաղթյալների նկատմամբ քաղաքական վերաբերմունքը: Տատանվող փոխարժեքները և նավթի գների անորոշությունը լրացուցիչ ռիսկեր են ստեղծում դրամական փոխանցումների համար:

Դեպի Հայաստան՝ 20% աճ

Չնայած Համաշխարհային բանկի զեկույցն առանձին չի անդրադառնում Հայաստանին, նշենք, որ Հայաստանում 2011թ. հունվար-հոկտեմբերին արձանագրվել է դրամական փոխանցումների աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցումների ծավալը կազմել է մոտ $1,5 մլրդ՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով մոտ 20%-ով: Ընդ որում՝ 2011թ. հաշվետու ժամանակահատվածում տրանսֆերտների 70%-ը փոխանցվել է Ռուսաստանից:

Արդյունքում Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ կախվածություն ունի արտաքին դրամական փոխանցումներից՝ հատկապես Ռուսաստանից հոսող, իսկ վերջինս մեծապես կախված է նավթի միջազգային գներից: Հաշվի առնելով, որ դրամը ևս չի դրսևորում կայուն վարքագիծ՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆերտների առումով զգայուն է Համաշխարհային բանկի կողմից առանձնացված երկու հիմնական ռիսկերի նկատմամբ: 

Մեկնաբանել