Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Նամակում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Գերիների վերադարձը, ըստ ՄԻՊ-ի՝ պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Արման Թաթոյանի խոսքով՝ հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

«Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն»,- ասվում է նամակում։

Հայաստանի օմբուդսմենի ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները:

«Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին»,- գրված է նամակում։

Ուստի, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Արցախում՝ ՄԻՊ-ը համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։

Գերիների հարցը քննարկվել էր հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, սակայն չէր հաջողվել լուծել խնդիրը։ Թեմային այսօր՝ հունվարի 18-ին, 2020 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ անդադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանել