Անշարժ գույքի շուկայում հակառեկորդ է գրանցվել

2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 36 165 գործարք, որը վերջին 10 տարիների նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծությունից։

Այսպես՝ 2020-ի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գրանցվել է անշարժ գույքի 36 165 գործարք, իսկ 2019-ի վերջին եռամսյակում՝ 54 468 գործարք։ Այսպիսով՝ 2019-ի համեմատ Էական անկում է գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտում՝ նվազելով 32,7 տոկոսով։

Երևանում նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ ընդհանուր գործարքները նվազել են 5 366-ով։

Ընդհանուր գործարքների 62,5 տոկոսը գրանցվել է Երևանում ու նրա շրջակայքում։ Երևանում ամենաշատը անշարժ գույք շարունակում են գնել Արաբկիր վարչական շրջանում, իսկ առքուվաճառքի ամենացածր դեպքերն իրականացվում են Նուբարաշենում։

Մարզերում առքուվաճառքի գործարքների 61,4 տոկոսը եղել է հողերի ձեռք բերման ոլորտում․ այստեղ գործարքների նվազումը նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ կազմել է 1 602:

Ըստ կադաստրի կոմիտեի ուսումնասիրության՝ այս ժամանակահատվածի 842 գործարքների կողմ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիները։ Նրանցից 550-ը հանդիսացել են գույք վաճառող։ Հայաստանում վարձակալության գործարքները ևս նվազել են՝ մոտ 46 տոկոսով։

Ցեմենտի ներմուծման արգելքի ազդեցությունը շինարարության ոլորտի վրա

Հունվարի 27-ին կառավարությունը որոշեց վեց ամսով արգելել Հայաստան ցեմենտի ներմուծումը։ Հիմնական ներմուծումն իրականացվում էր Իրանից։ Կառուցապատող «Արտքոմփանի» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանի խոսքով՝ կառավարության որոշման ազդեցությունը դեռ չկա, բայց դրանով շուկայում մենաշնորհային դիրք է ձևավորվում։

«Մենք միշտ գնել ենք՝ հաշվի առնելով, թե ով է ավելի հարմար գնով վաճառել։ Իրար հետ մրցել են հայկականն ու իրանականը, ու եղել է առողջ մրցակցություն։ Մենաշնորհը բերում է վատ բաների, Խորհրդային Միությունը դրա համար քանդվեց։ Կա ցեմենտի մեկ արտադրող, որի համար էլ այս որոշումն ընդունել են»,- ասում է նա։ Հայաստանում ցեմենտի շուկայի տեղական ամենախոշոր արտադրողը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ն է։

Պետրոսյանը նշում է՝ տեղական արտադրողին պաշտպանելու համար կան այլ ֆիսկալ գործիքներ, որոնք պետությունը կարող է կիրառել։ Խոսելով անշարժ գույքի ոլորտում 2020-ի վերջին եռամսյակի տվյալների մասին՝ Պետրոսյանը անկումը բացատրեց պատերազմով, ներքաղաքական անկայունությամբ ու դրամի արժեզրկմամբ. «Այս տարվա հունվարից փոթորիկը մի փոքր թեթևացել է, բայց ավանդաբար հունվար, փետրվար, մարտ ամիսները վատ ամիսներ են՝ սեզոնային պասիվություն կա»,- ասաց կառուցապատողը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել