Ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը կատարի կառուցապատողը․ առաջարկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոխել Քաղաքացիական օրենսգիրքը՝ «ապահովելով մի կողմից տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից համայնքի իրավունքը՝ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու՝ առանց վարչական վարույթ իրականացնելու»: Նման նախագիծ է հանրային քննարկման դրվել Ազգային ժողովի կայքում։

Ըստ խմբակցության պատգամավորների՝ Հայաստանում նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետև դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով:

«Պատճառը այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է տևում և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Ակնհայտ է, որ նման իրավիճակը ոչ՛ կարող է շարունակվել, ոչ՛ պահպանվել. հետևաբար, անհրաժեշտ է վերանայել ինքնակամ կառույցներին վերաբերող ամբողջ օրենսդրությունը:

Նախագծով առաջարկում ենք, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել: Միաժամանակ նախագծով լուծվում է ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը»,- ասված է նախագծում։

Բացի այդ, փաստաթղթի անցումային դրույթներով սահմանվում է զրոյական կետ, որպեսզի օրենքի ընդունումից հետո «և՛ տնտեսվարող սուբյեկտները և՛ ֆիզիկական անձինք Հայաստանի շինարարության աշխատանքները իրականացնեն բացառապես օրենքներին համապաստասխան, ունենան հնարավորություն շինարարությունը իրականացնել համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, չբախվեն արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների և անհարկի ձգձգումների»։

Նախագծի անցումային դրույթներով նաև առաջարկվում է լուծել ինքնակամ կառույցների այն խնդիրները, որոնք եղել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:

Պատգամավորները բավականին մեծ ակնկալիքներ ունեն նախագծից, քանի որ փաստաթղթի «Ակնկալվող արդյունքները» բաժնում վստահեցրել են, թե «Հայաստանի Հանրապետությունում այլևս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ, և բոլոր շինարարությունները կիրականացվեն օրենքով նախատեսված ընթացակարգով»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել