Չնայած կորոնավիրուսի համավարակին և պատերազմին՝ Հայաստանում 2020-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունը 2019-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 20,6 տոկոսով՝ կազմելով 198 մլրդ դրամ: Այs մասին փետրվարի 9-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով 2020-ի ցուցանիշները:
Նախարարն այնուամենայնիվ նկատել է, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտոմ ծրագրերի իրականացմանը: «Չնայած դրան՝ ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է աճել է 20,6 տոկոսով»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ այդ հաշվարկում ներառված չեն կապի օպերատորները:
Անցյալ տարի 22 տոկոսով աճել է ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը․ «Այն կազմել է 18 747»։ Արշակյանը հավելել է, որ ոլորտում աշխատող ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել:
«Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1 228 ակտիվ ընկերություն կա։ 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով»,- ասել է նա:
Նա խոսել է նաև հայկական ստարտափերի մասին՝ նշելով, որ այդ ընկերությունները պետք է ունենան իրենց գիտահետազոտական կենտրոնները, որտեղ ստեղծվում է մտքի արդյունք․ «2020-ին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից»։
Նախարարն արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են վենչուրային ներդրողների համար հետաքրքիր արդյունքներ ստեղծել․ «Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ»։
Նախարարը տեղեկություններ է հայտնել ոլորտի ընկերությունների վճարած հարկերի ծավալի և միջին աշխատավարձի մասին:
«Ոլորտի ընկերությունների վճարած հարկերը նախորդ՝ 2019-ի նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է աշխատավձին, ապա նախարարի խոսքով, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի, 2019-ին միջինը 543 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի