1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում

Կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին: Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է պաշտպանության նախարարության կամ զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից նաև հայտնում են, որ պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել