Քրիստինա Կիրշների Ֆոլքլենդները

Ապրիլի սկզբին Ֆոլքլենդյան պատերազմի 30-ամյակի կապակցությամբ Կիրշները Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների նկատմամբ Մեծ Բրիտանիայի հավակնություններն անվանեց աբսուրդային՝ հրահրելով դիվանագիտական հերթական ճգնաժամը։ Իսկ անցյալ երկուշաբթի հայտարարեց Yacimientos Petroliferos Fiscales (YPF) նավթային ընկերության ազգայնացման մասին, որը 57%-ով պատկանում է իսպանական Repsol-ին։ Կիրշներն այս քայլը խորհրդարանում բացատրեց վառելիքի դեֆիցիտի առաջացմամբ ու դրա ներկրման աճող ծախսերով։ Այս ամենի մեղքը, նրա կարծիքով, Repsol-ի՝ YPF-ում միջոցներ ներդնելու ցանկության բացակայությունն է, որը հանգեցրել է արդյունահանման ծավալների կտրուկ անկման։

Նրա որոշումը տեղավորվում է անցյալ տարվա հոկտեմբերի նախընտրական արշավի կարգախոսի շրջանակում. «Մենք դեմ չենք կապիտալիզմին։ Բայց մենք ասում ենք. «Աշխարհի՛ կապիտալիստներ, ճանաչե՛ք ձեր սոցիալական պատասխանատվությունը»»։ Երևում է՝ Կիրշները դադարել է խուսանավել և ընտրել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ուղին, որը իշխանության 13 տարիների ընթացքում հասցրել է ազգայնացնել նավթային հանքավայրերն ու ցեմենտի գործարանները՝ ստիպելով երկրի շուկայից հեռանալ նավթային հսկաներ Exxon-ին և ConocoPhillips-ին։

Կիրշների որոշումը ոգեշնչեց ոչ միայն խորհրդարանականներին, որոնք այս լուրն ընդունեցին ծափահարություններով, այլև երկրի բնակչությանը, նշում են արգենտինական լրատվամիջոցները։ Իսկ ժողովրդի քաջալերությունը նրան հարկավոր է, ինչպես երբեք. 2011թ. նախագահի պաշտոնում վերընտրվելու պահից ի վեր Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների վարկանիշը նվազել է 20%-ով՝ հասնելով 50%-ի, գնաճը բարձր է՝ 20%, փոխնախագահը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է։

Առայժմ Կիրշներից վախենալու հարկ չկա։ Repsol-ը կարող է դիմել Համաշխարհային բանկին կից գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Թեև 2002թ. պեսոյի դեվալվացիայից հետո Արգենտինայի կառավարության դեմ բողոքած անդրազգային ընկերություններին քիչ բանի է հաջողվել հասնել։

Այլ բան է երկրի իմիջային կորուստը։ «Խելամիտ ոչ մեկը ներդրումներ չի կատարի մի երկրում, որը էքսպրոպրիացիայի է ենթարկում ներդրումները»,- հայտարարել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը (մեքսիկական Pemex-ին է պատկանում Repsol-ի բաժնետոմսերի 10%-ը)։ Սակայն Կիրշների համար իշխանությունն ավելի կարևոր է, քան ներդրումային մթնոլորտը։

Մեկնաբանել