Թոբի Լիթ. «Հայ և բրիտանացի երիտասարդ գրողներին նույն խնդիրներն են մտահոգում»

Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003-ին լավագույն արձակագիր ճանաչված Թոբի Լիթը «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարությունների շրջանակում այցելել է Հայաստան: Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Թոբի Լիթը հանդիպել է հայ երիտասարդ գրողների հետ, ինչպես նաև դասընթաց անցկացրել անգլերենի ուսուցիչների համար: Հայալեզու ընթերցողին Թոբի Լիթը դեռևս ծանոթ չէ, նրա «Մահացած երեխաների երգերը» և «Արտաշիրիմում» վեպերը թարգմանվել են ռուսերեն: Սակայն գրողը ծանոթ է Հայաստանին, քանի որ սա նրա երրորդ այցն է: Ավելին` նրա վերջին վեպերից մեկում, որը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի տիեզերք», Թոբի Լիթը անծայրածիր տիեզերքում դեպի անհայտ դատարկություն սլացող տիեզերանավն անվանել է «Արմենիա»: ՍիվիլՆեթ-ը զրուցել է գրողի հետ` ժամանակակից գրական շուկայի և գրողի մասնագիտության յուրահատկությունների մասին:

Նախքան գրող դառնալը Դուք բազմաթիվ այլ մասնագիտություններ եք փորձել` երաժիշտի, ուսուցչի, նույնիսկ դերձակի: Ինչու՞ կանգ առաք գրականության վրա:

-Դերձակի իմ կարիերան սահմանափակվեց մի գլխարկի պատրաստմամբ…: Դրանք պարզապես զբաղմունքներ էին, և մինչև որոշակի պահը գրականությունն էլ ադպիսի մի զբաղմունք էր: Չգիտեմ ինչու, սակայն այն ավելի երկար տևեց, քան նախորդները:

Հայ գրողների հետ Ձեր հանդիպման թեման համատեղ արձակ ստեղծագործություն գրելու հնարավորությունների քննարկումն էր: Արդյոք հնարավո՞ ր է համագործակցություն տարալեզու գրողների միջև:

-Ես ինքս դեռ չգիտեմ` ինչպես է դա կատարվելու, բայց համոզված եմ, որ պիտի ստացվի: Թարգմանիչների օգնությամբ, միգուցե: Զրույցի ընթացքում պարզվեց, որ մեզ այսօր միևնույն խնդիրներն են մտահոգում, ինչը զարմանալի էր ինձ համար, մասնավորապես` ինչպես պիտի ժամանակակից գրողը կազմակերպի իր ժամանակը` հասարակական կապեր հաստատելով, շփվելով ու մեդիայի միջոցով սեփական գաղափարները տարածելով, թե միայն գրելուն նվիլվելով: Facebook-ի միջոցով մեր ստեղծագործությունները տասը րոպեում կարող է 500 մարդ կարդալ, սակայն մենք կարող ենք փորձել ժամանակ տրամադրել ամբողջական գիրք գրելուն, որը, միգուցե, ավելի շատ ընթերցող գտնի, միգուցե` ոչ:

Գրական աշխարհին հետաքրքրող գլխավոր խնդիրներից մեկը էլեկտրոնային գրքերի արագընթաց տարածումն է: Ինչպե՞ս եք վերաբերվում էլեկտրոնային գրքերին, ինչո՞ վ են դրանք տարբերվում դասականներից, և հնարավո՞ ր է արդյոք, որ վերջիններս անհետանան:

-Ես հոռետեսորեն եմ տրամադրված: Կարծում եմ` մարդիկ պարզապես ավելի էժան բան են գնում: Նրանց դուր է գալիս, որ կարող են մի սարքի միջոցով բազմաթիվ գրքեր ունենալ: Տարբերությունն այն է, որ հեղինակը կորցնում է վերահսկողությունն իր ստեղծագործության հանդեպ: Նա չի կարող կառավարել այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են տեքստի դասավորությունը, տառաչափը, որտեղ է ավարտվում գլուխը, էջի ընդհանուր տեսքը: Թվում է, թե այս ամենը մանրուքներ են, սակայն առանց դրանց տեքստը ստանդարտ տեսք է ընդունում: Ինձ համար տեքստիս տեսքը կարևոր է, քանի որ դա ընթերցողի հետ իմ շփման բաղկացուցիչներից մեկն է: Ես չեմ ցանկանում, որ իմ տեքստը մանկականի նմանվի, երբ ընթերցողն իր հարմարության համար մեծացնում է տառերը: Էլեկտրոնային կրիչի միջոցով ընթերցանությունը նման է իրական կտավի փոխարեն ռեպրոդուկցիայի զննմանը: Kindle-ը չեզոք է, չունի քաշ, որն ընթերցման ընթացքում մի ձեռքից մյուսն է տեղափոխվում, յուրաքանչյուր էջ նման է նախորդին, միևնույն է` առաջին է՞ ջն ես ընթերցում, թե՞ վերջինը: Ասածներս փոքր- ինչ հնացած են թվում, սակայն ես չեմ պատկերացնում` ինչ տեսք ունի, օրինակ, պոեզիան Kindle-ի վրա, քանի որ բանաստեղծների համար իսկապես կարևոր է, թե էջի որ հատվածում է նա տեղադրում բառը: Արդյոք հնարավո՞ ր է ճիշտ ընկալել այնպիսի պոետների ստեղծագործությունները, ինչպիսիք են, օրինակ, Մայակովսկին կամ Ուիթմենը: Կա նաև դրական միտում: Էլեկտրոնային գրքերի դեպքում կզարգանա վիպակի ձևաչափը, որը միջին չափի պատճառով մինչ այժմ մերժված է եղել հրատարակիչների կողմից:

Իսկ այլ առավելություններ չկա՞ ն:

-Մինչ այժմ գրքի ստեղծման և հրատարակման միջև բավական երկար ժամանակ էր անցնում: Այդ ընթացքում հեղինակի ոգևորությունն արդեն մարում էր, և գրքի լույս ընծայման ժամանակ ներկայացնելով իր «վերջին աշխատանքը», որից հետո իրականում գրողն արդեն այլ աշխատանքով էր տարված, նա պիտի խանդավառություն ձևացներ:

Եթե համեմատեք երաժշտության հետ, նախանցյալ դարում սիմֆոնիան հնչում էր գրելուց ընդամենը մեկ ամիս անց, 60-ականներին, օրինակ, «Այս ամառվա մասին» ալբոմը ձայնագրվում և տարածվում էր մեկ ամսվա ընթացքում, և այն, իրոք, այդ ամառվա մասին էր: Նույնը հիմա հնարավոր է դարձրել էլեկտրոնային գրահրատարակչությունը: Որոշ դեպքերում այսպիսի ռիթմը կարելի է առավելություն համարել: Հեղինակն ավելի մոտ է դառնում իր ընթերցողին: Նա հրապարակում է իր վեպը, որը որոշ ժամանակ անց փոփոխությունների է ենթարկում` հիմնվելով ընթերցողների կարծիքի վրա:

Իսկ ինչպե՞ ս է անդրադառնում էլեկտրոնային գրքերի տարածումը հեղինակհրատարակիչ հարաբերությունների վրա:

-Կարծում եմ` հեղինակների վրա գրքի շուկայի թվայնացումը ավելի քիչ կանդրադառնա, քան հրատարակիչների, քանի որ արդեն այսօր հարց է ծագում` ինչի համար են պետք հրատարակիչները, ինչ պիտի նրանք անեն: Հեղինակին պետք է խոսնակ, մինչ այժմ այդ դերը ստանձնում էին հրատարակչությունները: Այսօրվա տեխնոլոգիաները, տեղեկատվական դաշտի ընդլայնումը հնարավորություն են տալիս հեղինակին հանդես գալ սեփական անունից և անմիջական կապ հաստատել ընթերցողի հետ: Ես իմ նոր գիրքը կարող եմ ձեզ պարզապես էլեկտրոնային փոստով ուղարկել: Կարծում եմ` հրատարակչի միակ գործառույթը, որ ժամանակի ընթացքում արդիական կմնա, ընտրողի դերն է: Նա կարող է օգնել ընթերցողին կողմնորոշվել, արդյոք արժի՞ ժամանակ վատնել այս կամ այն գրքի ընթերցանության վրա: Ի դեպ, դա մշտապես արել են նաև գրաքննադատները:

Հնարավո՞ր է արդյոք սովորեցնել գրել, և ի՞նչ եք ասում Ձեր ուսանողներին առաջին հանդիպման ժամանակ:

-Հեշտ ճանապարհներ չկան. ահա սա եմ ասում: Սովորեցնելու գլխավոր խնդիրն այն է, որ ցանկացած բան, որ ես ասում եմ ուսանողներիս, նրանց համար իբրև կլիշե է հնչում: Այս գաղափարը հասկանալու համար պետք է անցնել աշխատանքի բորոր փուլերը և ինքնուրույն իմաստավորել ուսուցչի ասածը: Միակ բանը, որ ես փորձում եմ անել ուսանողներիս համար, նրանց սովորությունները կոտրելն է, ես փորձում եմ ցույց տալ նրանց, որ անպայման չէ անել մի բան, որ չես ցանկանում: Ես քաջալերում եմ նրանց գրելու հնարավորինս ազատ:

Մեկնաբանել