Արգենտինայի «Արմենիա»-ն

Վերջերս շուքով նշվեց Հարավային Ամերիկայում լույս տեսնող հայկական ամենահին օրաթերթի՝ «Արմենիա»-ի 80-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև ի գնահատումն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերականի խմբագիր Գևորգ Գազանճյանին պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով: «Կը մտածեմ, որ արժանի չեմ նման պատվի»,– համեստորեն նկատեց Գևորգ Գազանճյանը։

«Արմենիա»-ն ՀՅԴ օրգան է, իր էջերում տեղ է հատկացնում համայնքային միջոցառումներին, թարմ լուրեր հաղորդում Հայաստանից և սփյուռքահայ գաղթօջախներից: Սկզբում՝ մինչև անցյալ դարի 80-ականները, այն օրաթերթ է եղել, մինչդեռ այժմ վերածվել է շաբաթաթերթի՝ 16 էջ ծավալով, որից միայն 4-ն է հայալեզու: Տարին մեկ անգամ տպագրում են նաև Բացառիկներ՝ շուրջ 100 էջ ծավալով, և նվիրում նշանակալի որևէ իրադարձության:

Թերթը գոյատևում է բաժանորդների (ունի մոտ 900 բաժանորդ) ու գովազդից ստացվող հասույթների հաշվին, նաև՝ «ի գին անձնական զոհողութեանց»: Ընդհանուր տպաքանակը 1500 է, որից անվճար օրինակներ են բաժանվում հայկական եկեղեցիներին, վարժարաններին և հիմնարկներին: Ինքը՝ Գևորգ Գազանճյանը, թերթի խմբագրությունն իր տունն է համարում, որտեղ անցկացնում է օրվա գերակշիռ մասը:

«Որքան հայ կա լատինամերիկյան այդ երկրում» հարցիս Գևորգ Գազանճյանը դժվարացավ պատասխանել. նախ պիտի հասկանալ՝ ով է հայը: Չէ՞ որ շատ են խառն ամուսնություններից ծնված զավակները՝ 100-ից գրեթե 70-ը: Տեղի հայ համայնքի պատասխանատուները նպատակադիր աշխատանք են տանում այսօրինակ հայերի ինքնությունը պահպանելու ուղղությամբ: Միայն Բուենոս Այրեսում և շրջակայքում յոթ հայկական վարժարաններ են գործում՝ 2000-2500 աշակերտներով: Իսկ ընդհանուր առմամբ, Արգենտինայում մոտ 150 հազ. հայ է ապրում: Պարզվում է՝ վերջին տարիներին Հայաստանից մոտ 3-4 հազ. ընտանիք է արտագաղթել Արգենտինա, որոնք, սակայն, անհաղորդ են ազգային կյանքին ու միջոցառումներին։

Զրույցի ավարտին Գևորգ Գազանճյանը ցույց տվեց Արգենտինայում վերջերս հրատարակված մի պատկերագիրք-տեղեկատու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այն բաժանվելու է թե՛ Արգենտինայի, թե՛ լատինամերիկյան մյուս երկրների խորհրդարանների ու կառավարությունների անդամներին: Գազանճյանն այս անգամ որոշել էր վերջապես այցելել Արցախ՝ մարելով, իր իսկ ասած, «հին պարտքը»: Հայկական այդ աշխարհին իրենք հեռվից հեռու շատ են օգնել, և այժմ եկել է ժամանակը անձամբ տեսնելու այն՝ իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ:

Մեկնաբանել