«Շիրակը»` Հայաստանի գավաթակիր

«Շիրակը» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Գյումրու քաղաքային մարզադաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը:

Առաջին խաղակեսն անցավ գյումրեցիների կատարյալ առավելությամբ: Բիչախչյանի սաներն ավելի շատ էին տիրում գնդակին և շատ ավելի վտանգավոր գրոհում: Հանդիպման 39-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Անդրանիկ Բարիկյանի մոտ, վերջինս այն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ «Շիրակի» առաջատար Լամին Լի Յորոն բոլորից շուտ կողմնորոշվեց ու բացեց հաշիվը: Ընդունած գոլից հետո դիլիջանցիները փոքր-ինչ ակտիվացան, սակայն նրանց գրոհներում բացակայում էր սրությունը:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց փոխնիփոխ գրոհներով 47-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը նպաստավոր դիրքից անատամ հարված կատարեց: 2 րոպե անց «Շիրակը» չափազանց վտանգավոր հակագրոհ կազմակերպեց. Ֆուֆանա Բեկոն միայնակ դուրս եկավ Գոռ Էլյազյանի դիմաց, սակայն դարպասապհը գերազանց գործեց և փրկեց իր թիմին 2-րդ գոլից: Այդուհետ, խաղի տեմպն ընկավ, «Շիրակը» ետ քաշվեց, իսկ «Իմպուլսն» այդպես էլ մինչև խաղավարտ ոչ մի մտածված գրոհ չկազմակերպեց: Գյումրեցիները 85-րդ րոպեին պարզապես պարտավոր էին հաշիվը կրկնապատկել, բայց Խիմենեսն ու Էլյազյանը հերոսաբար պայքարեցին «Շիրակի» 4 ֆուտբոլիստների դեմ: 90-րդ րոպեին Կարեն Ալեքսանյանը 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից, բայց մրցավարի ավելացրած 4 րոպեի ընթացքում «Իմպուլսը» չկարողացավ օգտվել թվային առավելությունից:

«Շիրակը», որ մինչ այս 4 անգամ դուրս էր եկել եզրափակիչ ու 4 պարտություն կրել, 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին» և 5-րդ փորձից նվաճեց Հայասատանի գավաթը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել