Ընտիր կեղծարարները

Պատասխանը՝ նրանք հիշողություն չունեն։ Կամ իրենց պատասխանատու չեն զգում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել, ասենք, մեր առաջին սրբերի հետ, որոնց ստիպում էին հրաժարվել քրիստոնեությունից։

Ուրիշի միջամտությունը քո կենցաղին այսօր իմաստազրկում է տառապյալի ինստիտուտը, որը նախկինում արդյունք էր հենց սկզբունքներից չհրաժարվելու։ Այսօր այդ ինստիտուտը շուռ է եկել։ Հիմա փորձենք հասկանալ՝ ինչպես։ Դու լրագրող ես, ունես սկզբունքներ։ Աշխատում ես մի հեռուստաընկերությունում, որը քո սկզբունքներին հակադիր քաղաքական գիծ է որդեգրում և տեղյակ է քո սկզբունքներին։ Առանձին վերցրած դու և առանձին վերցրած քո հեռուստաընկերությունը համերաշխ եք այն նյութերում, որոնք ձեզ չեն հակադրում։ Բայց հանկարծ ղեկավարությունդ ասում է՝ պետք է հիմա հակադրվես ինքդ քեզ։ Հարց է առաջանում՝ կարիք կա՞ նման վերաբերմունքի։ Չկա, որովհետև այդ լրագրողը, արդեն երկրին պատուհասած սուր խնդիրների մասին լռելով, որոշ իմաստով հակադրվում է իր սկզբունքներին։ Երբ նրան ստիպում ես արտահայտվել նաև իր սկզբունքների դեմ, նա դառնում է տառապյալ, мученик։

ԽՍՀՄ օրոք ընդունված էր մկրատել գրողների գրքերը՝ հայտնի են Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի և Պարույր Սևակի «Եղիցի լույս»-ի մկրատված տարբերակները։ Գոյություն ունի գրատպություն, որն իշխանությունը չի ստեղծել։ Ու հենց նա գրողին արգելում է տպագրվել, նրան ինքնաբերաբար դարձնում է տառապյալ։

Տառապյալը միջամտության ինստիտուտի արդյունք է։ Ուսուցիչը հանգիստ դասավանդում է դպրոցում, ասում է, որ Չարենցը չընկրկեց ստալինյան բռնապետության առջև, այսինքն՝ մերժեց «տառապյալի» դափնիները։ Հետո Նոր Նորքի թաղապետարանից դպրոցի տնօրենի միջոցով մեկը քեզ՝ ուսուցչիդ, հրահանգում է առաջիկա ընտրություններում ապահովել ՀՀԿ-ի օգտին քվեարկող քսան մարդու մասնակցություն։ Մինչ այդ դու հանգիստ քո գործն էիր անում։ Բայց երբեք չես դադարել մտածել, որ երկու երեխայի հայր ես, ու իշխանությունից ամեն ինչ սպասելի է։ Եթե դու այսպես ես մտածում, արդեն իրականացրել ես ընտրակեղծիքը, այսինքն՝ գիտես, թե հանուն ինչի պիտի խաղաս իշխանության խաղի կանոններով։ Դու ոչ թե մասնագետ ես, այլ մաֆիայի գործակալ, որին մաֆիան օգնում է մեծահոգի ձևակերպմամբ՝ դու հանգիստ քո կյանքով ապրիր, երբ պետք լինես, մենք քեզ ձայն կտանք։ Այսինքն՝ դու որպես մաֆիայի գործակալ ես ուսուցիչ և մանկապարտեզի դաստիարակ։ Այն, որ իմաստազրկեցիր Չարենցին, այլ հարց է, այն, որ քո արածն ու Չարենցի սպանությունը իրար հետ կապ չունեն, ինքնին ենթադրելի է։ «Ես հո Չարե՞նցը չեմ»,– ասել ես ինքդ քեզ։

Կոմունիստների օրոք մանկատների երեխաներին ծեծում էին այն տրամաբանությամբ, որ իրենցը չեն։ Երեխան մեծանում էր որպես «տառապյալ»՝ չիմանալով, թե իր դաստիարակների ուզածն ինչ է։ Մեծանում էր ու կյանքի դեմ ատամները կրճտացնելով համալրում երկրի քրեակատարողական հիմնարկները։

Եվրոպացիները հայերիս կոչ են անում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։ Ո՞վ ասաց, որ ներգրավվածությունը պարտադիր է։ Եվ ո՞վ ասաց, որ քաղաքական մասնակցությունը քաղաքակիրթ մասնակցությունն է։ Ինձ բացատրեք, թե ինչո՞ւ են միմյանց կոկորդ կրծում ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, և ես ասեմ, որ եվրոպացիները ճիշտ են։ Բացատրե՛ք ու դրանով կարդարացնեք ուսուցիչների ներգրավվածությունը «քաղաքական գործընթացներին»։ Մի՛ բացատրեք, բայց դրանով նույնպես կարդարացնեք նրանց։ Որովհետև քաղաքականությունը տեղի է ունենում միայն զոհասեղանների վրա, ոչ ոք իր տանը չի կարող լինել քաղաքական էլեմենտ։ Եթե ընտրակեղծիքները եղանակ են ստեղծում քաղաքական կյանքում ու չեն դատապարտվում, ուսուցիչների ներգրավվածությունը դառնում է անհրաժեշտ, Չարենցը վերստին սպանվում է որպես «հակատառապյալ» (նրա սպանությունը դարձնում եք ձեր խասյաթը)։ Թեպետ իրականում պարզ չէ՝ ի՞նչ կապ ունեն անկախ Հայաստանի ուսուցիչներն այս ամենի հետ, եթե այսօրվա ընտիր կեղծարարներն իրականում խորհրդային կրթություն ունեն, և ուսուցիչները՝ նույնպես։

Մեկնաբանել