Փետրվարի 15-ին Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ ԱԻՆ-ի՝ երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նույն օրը՝ փետրվարի 15-ին, ժամը 23:31-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ևս մեկ երկրաշարժ (հետցնցում)։

«Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ»,- հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել