Քաղաքացիների դիմում-բողոքների արդյունքում 159 քրեական գործ է հարուցվել․ Դատախազություն

Դատախազությունը 2020 թ․ քաղաքացիներից ստացել է 10 435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

2020թ.-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին: Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են: Կան նաև պատերազմին առնչվող դիմումներ։

«Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել