Ամեն ինչ ավելի լավ է լինելու. Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանը, հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը, նախ արձագանքեց իր` ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվելու և ԱԺ մտնելու մասին չդադարող քննադատություններին: Այն, որ իր ԱԺ գնալը քննադատում են, իրեն հայհոյում են, իր համար այլևս տարօրինակ չէ: «Իհարկե, տհաճ է, մանավանդ, երբ տղամարդն է քննադատում: Համակարգչի առջև նստած քննարկում է կնոջ գիրությունը: Ինչի՞ս վրա են կասկածում, պրոֆեսիոնալիզմի՞ս, կասկածում են, որ տիրապետում եմ մշակույթի՞ն,- ասաց նա,- ես եղել եմ միշտ հայ և իմ սկզբունքին անդավաճան, հիմա էլ ես գալիս եմ Ազգային ժողով մշակույթի համար: Ռաբիզը, որ երբեք չի եղել դոմինանտ, հիմա դարձել է մշակույթի դեմք: Այն պետք է դուրս մղել դեպի իր «դուքանային» տեղը»:

« «Փոխենք, փոխենք»-ի փոխարեն մենք տեսնում ենք «Պահենք, պահենք» սկզբունքը» հաղորդավարի դիտարկմանն ի պատասխան Շուշան Պետրոսյանն ասաց. «Էդպես ես տեսնում, որովհետև չես հավատում: Մի անգամ լինենք լավատես և փորձենք սառույցը շարժել: Ես հայ եմ և իմ տեսակով անտարբեր մարդ չեմ, և լավ հասկանալով դրա և´ լավը, և´ վատը, ես ուզում եմ աշխատել»: Անդրադառնալով Աժ-ում բազմակարծության, բազմակուսակցականության մշակույթի բացակայությանը` նա ասաց. «Ես կմտցնեմ այդ մշակույթը: Ես կփորձեմ համոզել, որ անցնի իմ իմացած ճիշտը, եթե չստացվի համոզել, դա կլինի իմ ֆիասկոն, իսկ թե ինչպես կքվեարկեմ… ժամանակը ցույց կտա»:

«Ամեն ինչ ավելի լավ, ավելի գործարար և ուժեղ է լինելու, ես զգում եմ դա: Մի քանի նոր անուններ, նոր դեմքեր, նոր մտածելակերպով մարդիկ կան, ովքեր հանդիպում են հին մարդկանց հետ, և փորձում են փոխել: Ես արդեն, այսօրվանից սկսել եմ այդ աշխատանքը, որովհետև ես ուզում եմ, որ լավ լինի, ես ուզում եմ արդարացնել իմ այնտեղ լինելը»:

Շուշան Պետրոսյանը հերքեց լուրերը, թե ինքը կարող է նշանակվել Մշակույթի նախարար, քանի որ «լուրջ չի, առանց մարմնին տիրապետելու` փորձել կառավարել»:

Հայ ազգային կոնգրեսի կողմից իր մասին հնչող կոշտ քննադատության և ընդգծված բացասական վերաբերմունքին անդրադառնալով` նա ասաց. «Էնպես չի որ ես իրենց համար խենթանում եմ, բայց ես բոլոր դեպքերում կարծում եմ, որ պետք է պահվի բարեկրթությունը: ՀԱԿ-ի ներկայությունը ԱԺ-ում ինձ ուրախացրեց: Ես հուսամ, որ բանավեճեր կլինեն, որ մեր երկիրը առաջ կտանեն: Ինձ համար աբսուրդ է այն, որ այսօր իրենք չէին եկել, ու չէին եկել մանդատները ստանալու: Եթե մենք այդքան նողկալի ենք, կարող են մեզ հետ չշփվել, բայց իրենք պիտի ներկա լինեն այնտեղ»:

Ռաբիզ երգիչների` վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալը մեկնաբանելով` սիրված երգչուհին փաստեց. «Կոչումը դարձել է անիմաստ մի բան»: «Լիքը ընկերներ ունեմ, որ հրաշալի ձայն ունեն, բայց գնում են դեպի ռաբիզ: Չեմ ուզում կենտրոնանալ Արման Հովհաննիսյանի վրա, քանի որ այնպիսի մարդիկ ստացել են վաստակավորի կոչում… Արմանը գոնե լավ ձայն ունի»:

Աղքատության ցուցանիշների մասին հարցին ի պատասխան` Շուշան Պետրոսյանը խոսեց ծուլության մասին: «Ալարկոտության մասին պիտի նշեմ,- ասաց նա:- Ես օրինակներ ունեմ, որ մարդիկ երկու-երեք տեղ են աշխատում, դժվար է, բայց չեն բողոքում, վաստակում ու ապրում են: Այս տեսակը շատ քիչ է, և այն մեր մեջ պետք է գտնենք: Եվ կան մարդիկ, որ մերժում են աշխատանքի տարբեր առաջարկներ»:

DIY ակումբի պայթյունին և հաջորդող բազմազանության շքերթին անդրադառնալով` Շուշան Պետրոսյանն ասաց. «Արվամոլները մեր քաղաքում ապրել են, ապրում են և պիտի ապրեն, մենք չենք որոշում, իսկ այդ ցույցը աբսուրդ է: Աբսուրդ է գեյերին Նժդեհին հակադրելը: Էնքան հայրենասեր գեյեր կան, հավատացեք: Ես մի ընկեր ունեի, ով դժբախտ ճակատագրի բերումով գեյ էր, և զոհվեց արցախյան ճակատամարտում… Կարծիքներ են հնչում, թե` դրանք ով են, կռվող չեն… մի´ ասեք: Իսկ ինչ վերաբերում է ակումբին, մարդկանց ունեցվածքն է վնասվել, և վերջ, ինձ համար այդ հարցը այդտեղ փակվում է: Եվ նա էլ [Ծոմակը` ակումբի տերը], լինի մանուշակագույն, երկնագույն, վարդագույն թե ծիրանագույն, իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անել ազգի մասին»:

«Հնարավո՞ր է առաջիկա համերգին հայտարարեն` հիմա կերգի պատգամավոր Շուշան Պետրոսյանը» հարցին ի պատասխան` երգչուհին ասաց. «Ոչ, ոչ: Դրանք տարբեր Շուշաններ են: Բեմի վրա ես երգչուհի Շուշան Պետրոսյանն եմ, այնտեղ` պատգամավոր»:

Մեկնաբանել