Ադրբեջանը խոշտանգել է հայ ռազմագերիներին․ Human Rights Watch

Լուսանկարը՝ Associated Press-ի

Ադրբեջանական ուժերի կողմից անթույլատրելի վերաբերմունք է եղել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ։ Դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումներն արվել են ինչպես գերեվարվելու պահին, այնպես էլ տեղափոխելիս և մեկուսարաններում։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության զեկույցում:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր հայտարարությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Նրանք նաև պետք է անհապաղ ազատ արձակեն մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց։ Եվ պետք է տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- նշվում է հայտարարությունում։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնն ասել է․ «Այդ խախտումները, ընդհուպ՝ մինչև խոշտանգումներ, որոնց ենթարկվել են հայ գերիները, վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են ռազմական հանցագործություն»։

Human Rights Watch-ը զրուցել է նաև չորս նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն պատմել են գերության մեջ գտնվելու ժամանակ իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին։ Բոլորը պատմում էին երկարատև և անընդհատ կրկնվող ծեծի մասին։ Օրինակ, մեկը հայտնել է, որ իրեն ծակել են սուր երկաթյա ձողով, մյուսը պատմել է այն մասին, թե ինչպես են իրեն տանջել հոսանքով, երրորդը պատմել է կրակայրիչով իրեն բազմաթիվ այրվածքներ պատճառելու մասին: Գերության մեջ ընկնելուց հետո առաջին օրերին բոլորը պահվել են նվաստացուցիչ պայմաններում, նրանց հետ դաժան են վարվել, գրեթե ջուր և ուտելիք չեն տվել։

Մեկնաբանել