Նոր Ղազանչի․ ինչպես են ադրբեջանցիներն առաջ տվել դիրքերը, իսկ հետո նահանջել

Հայկ Ղազարյան

Ապրիլի 26-ին «Ապառաժ» կայքը տեղեկություն տարածեց, որ ադրբեջանցիները 370 մետրով առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: Անմիջապես մեկնեցի Նոր Ղազանչի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Նոր Ղազանչի գյուղը

Գյուղ մտնելուն պես փնտրեցի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանին, նա իսկույն կռահեց գյուղ գալու իմ նպատակը, առավոտյան արդեն լրագրողներ էր ընդունել:

Պարզվեց, որ խնդիրն արդեն հարթվել է․ շրջանի վարչական ղեկավարի ու ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները հետ էին քաշվել:

«Ապրիլի 25-ի երեկոյան գյուղացիներից մեկը հայտնաբերել է, որ ադրբեջանցի զինվորականները առաջացել են մոտ 300 մետրով ու տեղում վրան խփել: Դրանից հետո զանգել եմ շրջանային վարչակազմի ղեկավարին»,- պատմում է Ռուսլանը:

Ըստ գյուղապետի՝ արդբեջանցի սպաները պայման էին դրել հեռանալ այն դեպքում, եթե հայկական կողմն իր հերթին հեռանա աջ ու ձախ թևերից․ «Ես ասացի, որ GPS-ով դրանք մեր տարածքներն են: Բացի այդ, մեզ ձեռնտու չէ՝ այս հատվածում արտեր ունենք»:

Ռուսլան Առստամյանը

Ռուսլանի և նրա ընկեր Մհեր Ասլանյանի հետ արտերով ուղևորեցինք «դեպքի վայր», որտեղ մեզնից առաջ ժամանած ռուս խաղապահներն էի տարածքը զննում: Ռուս սպաներից մեկը խնդրեց չլուսանկարել իրենց:

Ռուսների հեռանալուց հետո համայնքի ղեկավարն ասաց, որ չարժե այնտեղ երկար մնալ. «Նախ՝ դիտարկվող տարածք է, երկրորդն էլ՝ մոտ ենք, արդեն որոշակի անախորժություններ եղել են»:

Ռուսլանի ընկեր Մհեր Ասլանյանը

Պարզվեց, որ հունվար ամսին ադրբեջանցիները քիչ էր մնում՝ գյուղացիներից մեկին առևանգեին:

«Մեր համագյուղացին այդ օրը հասցրել էր զանգել որդուն ու զգուշացնել, որ ադրբեջանցի զինվորականները մոտենում են իրեն։ Ադրբեջանցիներն արդեն խլել էին նրա ձեռքից հեռախոսը: Մենք տեղեկացրինք ռուս խաղապահներին, և նրանց միջամտությամբ տհաճ դեպք տեղի չունեցավ»,- ասում է Ռուսլան Առստամյանը:

Գյուղացիները սահմանին մոտ ապրելու պատճառով տարբեր խնդիրներ են ունենում: Օրինակ, սահմանը հատած անասունները էլ չեն կարողանում հետ բերել, այսպես 52 գլուխ անասուն է կորել:

Չնայած դժվարություններին՝ գյուղ են վերադարձել բոլոր բնակիչները: Ադրբեջանի վերահսկողության տակ բնակավայրերի հայտնվելու պատճառով Նոր Ղազանչիում ապրում են նաև տեղահանված ընտանիքներ՝ Քարին տակ, Տոնաշեն, Նոր Սեյսուլան և Նոր Այգեստան համայնքներից: Գյուղը ներկայում ունի 187 մշտական բնակիչ, ևս 44-ը ներքին տեղահանված անձինք են: Պատերազմի ընթացքում մեկ ընտանիք էլ Նոր Ղազանչի է տեղափոխվել Ստեփանակերտից ու մինչ օրս բնակվում է գյուղում:

Սահմանազատման պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ինը հեկտար վարելահող:

Նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին հանձնվեց նաև Աղդամի շրջանը, ինչի հետևանքով Նոր Ղազանչի համայնքը սահմանամերձ է դարձել։

Գյուղն ապրում է իր բնականոն կյանքով: Դիրքերից Կիչանի և Նոր Ղազանչիի միջնակարգ դպրոց այցելեցի:

Բակում աշակերտները ուսուցչի (զինղեկի) ղեկավարությամբ նախազորակոչային պատրաստության պարապմունքներ էին անցկացնում:

Դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյանը

Դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյանը տեղեկացրեց, որ դպրոցում ներկայում 91 աշակերտ է սովորում: Տնօրենի հետ շրջեցինք դպրոցով:

Գյուղի դպրոցը կրում է 1992 թվականին Ղազանչի գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հրամանատար Կարեն Առաքելյանի անունը: Արցախյան երկրորդ պատերազմում Մատաղիսի մարտերի ժամանակ զոհվել է գյուղի բնակիչ Արմեն Բաղդասարյանը:

Մեկնաբանել