«Չսահմանազատված սահմաններին ռազմական տեղաշարժերը սադրիչ են»․ Սալիվանը զրուցել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակը կայուն է:

Ալիևը Հայաստանի արձագանքը «սահմանային իրավիճակին ոչ համաչափ և խնդրին միջազգային հնչեղություն տալու միտում» է որակել՝ համարելով, թե այն կարող է տարածաշրջանում լարվածության աճի հանգեցնել: Նրա համոզմամբ՝ բոլոր խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության առնչությամբ՝ նշելով, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանազատված սահմանների երկայնքով անպատասխանատու են և սադրիչ»։

Նա ողջունել է երկու կողմերի միջև շփումները և «երկու առաջնորդների՝ խնդիրը խաղաղ լուծելու հանձնառությունը»։

Նույն օրը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: 

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Գեորգի Միրզաբեկյան