Ադրբեջանի հետ որևէ բանավոր պայմանավորվածություն տարածքի հանձնման կամ փոխանակման մասին չկա․ Ռուբինյան

Ադրբեջանի հետ որևէ բանավոր պայմանավորվածություն որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման մասին չկա, վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

«Առաջարկ է ստացվել ռուսական կողմից դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման վերաբերյալ…ոչ թե անել դեմարկացիա այսօր կամ վաղը, այլ ստեղծել հանձնաժողով»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Վրաստանը ևս ունեն միջկառավարական հանձնաժողով, որը զբաղվում է դեմարկացիայով՝ արդեն 15 տարուց ավել։

Հայկական կողմը, ըստ Ռուբինյանի, հստակ դիրքորոում է արտահայտել, որ դեմարկացիոն հանձնաժողով ստեղծելու հարց կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելուց հետո։

Ինչ վերաբերում է Արցախի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիային, Ռուբիանյանն ասել է, որ առաջարկը վերաբերում է միայն հայ-ադրբեջանական սահմանին։

Դեմարկացիայի արդյունքում անկլավների մասին հարցին Ռուբինյանը պատասխանել է՝ խորհրդային տարիներին թե Հայաստանը, թե Ադրբեջանը ունեցել են անկլավներ, ու դրանք կարող են դառնալ քննարկման առարկա, կարող են չդառնալ. «Պետք չէ ստեղծել տպավորություն, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, կլինի դելիմիտացիա և դեմարկացիա։ Հանձնաժողով կարող է ստեղծվել, եթե հայկական կողմի պայմանը կատարվի»,- ասաց նա։

Մեկնաբանել