ՊՆ-ն հրապարակել է գերեվարված 6 զինծառայողների անունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք պայմանագրային զինծառայողներ են՝ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Նախարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մեկնաբանել