«Քաղաքացիական պայմանագիրը» տեղափոխում է ամփոփիչ հանրահավաքի օրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղափոխում է ամփոփիչ համապետական հանրահավաքի օրը։ Նախապես հայտարարված հունիսի 18-ի փոխարեն, հանրահավաքը տեղի կունենա հունիսի 17-ին։ Այս մասին Սիսիանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։ Մենք քննարկել ենք և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթն անելու ենք հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախից պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության «դուբինկաների» տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր քցի։ Մենք նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,- ասել է Փաշինյանը։

Հունիսի 18֊ին` արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էին նախընտրական քարոզարշավն ամփոփել Հանրապետության հրապարակում։

Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները՝ որպես հանրահավաքի անցկացման ժամանակ, իրազեկել են ժամը 20։00֊ից մինչ 24։00֊ն։ «Հայաստան» դաշինքը նախատեսում է հանարահավաքն իրականացնել մինչև ժամը 21։00, բայց քաղաքապետարանը թույլատրել է մինչև 20։00։ Դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի որոշումը բողոքարկել են դատարանում և ստացել են Հանրապետության հրապարակում մինչ ժամը 21։00֊ն հանրահավաք անցկացնելու իրավունք։