Կասկածելի մատակարարներ, փոխկապակցված ընկերություններ․ առողջապահության նախարարության պայքարը կորոնավիրուսի դեմ

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի շարք կասկածելի մատակարարներից ձեռքբերումներ է իրականացրել. դրանք այնպիսի կազմակերպություններ են, որ ստեղծվել են համավարակի խիստ սահմանափակումների պայմաններում և անմիջապես դարձել նախարարության խոշոր մատակարար։ Առողջապահության նախարարության (ԱՆ) իրականացրած ծրագրերն ու գործարքները արժանացել են Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և ֆինանսների նախարարության ուշադրությանը։ Երեք մարմիններն էլ նախարարությունում ստուգումներ են սկսել։  ՍիվիլՆեթը ուսումնասիրել է կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերը, մատակարարների հետ պայմանագրերը։ 

Առողջապահության նախարարությունը թաքցնում էր ծախսերը 

ՍիվիլՆեթը առողջապահության նախարարության հետ տևական ժամանակ գրագրություն էր վարում՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար կառավարության որոշմամբ բացված քարտային հաշվի քաղվածքը ստանալու հարցով։ Կորոնավիրուսի հետ կապված բոլոր ծախսերը պետք է իրականացվեին այս հաշվից և քաղվածքի տրամադրումը թույլ կտար մանրամասն բացվածքով տեղեկանալ համավարակի դեմ պայքարելու նպատակով հատկացված միջոցների ծախսերի մասին։  Հունվարին դիմել էինք նախարարությանը՝ քարտային հաշվի քաղվածքը (2020-ի մայիսից 2021-ի հունվար ժամանակահատվածի համար) տրամադրելու նպատակով։ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի մակագրությամբ պատասխանում տրամադրված քաղվածքում արտացոլված չէին նախարարության կողմից ծախսված միջոցների ուղղությունները, չափերը, մատակարար կազմակերպությունները և այլն։ 

Լրացուցիչ հարցմամբ ԱՆ-ից պահանջել էինք քաղվածքը տրամադրել ըստ նպատակի, ծախսերի նկարագրության, փոխանցումների ժամկետների և այլն։ Փետրվարին նախարարությունից տեղեկացրին, որ քաղվածքներ չեն կարող տրամադրել, քանի որ «այն կարող է համարվել առևտրային գաղտնիք մատակարար կազմակերպությունների համար»։ ԱՆ-ն միևնույն ժամանակ առաջարկում էր տրամադրել միայն մատակարարների ցանկը։ Տեղեկատվությունը պահանջված ձևով տրամադրելու վերաբերյալ մեր մնացած հարցումները նախարարությունը չբավարարեց։ 

ՍիվիլՆեթը փետրվարին գրությամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս պարտավորեցնի իրեն ենթակա համարվող նախարարությանը տրամադրել քարտային հաշվի քաղվածքը։ Նախարարությունը, որ նախկինում գաղտնիք էր համարել այդ տեղեկատվությունը, ի վերջո փետրվարի 23-ին տրամադրեց այն։ Քաղվածքում նշված են մատակարար կազմակերպություններին փոխանցված գումարների, դրանց նպատակների մասին տվյալները։ ՍիվիլՆեթն առանձնացրել է ուշագրավ մի շարք տվյալներ։

Առողջապահության փոխնախարարի տնօրինած ընկերությունը՝ խոշոր շահառու

Համավարակի հետ կապված հիվանդանոցային ծառայություններ մատուցել է «Մեդլայն» կլինիկան, որը հիմնվել է 2002-ին։ «Մեդլայն»-ն իր գործունեությունը ծավալում է իրավաբանական երկու ընկերությունների միջոցով՝ «Մեդլայն» և «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-երի։ 

«Մեդլայն»-ն ունի երեք բաժնետերեր․ ընկերությունում 40  տոկոս բաժնեմաս ունի Բաբկեն Շահումյանը, որը ներկայում տնօրեն է, 30 տոկոս՝ նրա հետ միևնույն վայրում հաշվառված Լիգիա Շահումյանը, ևս 30 տոկոս՝ Արսեն Վանյանը։ 

2017-2018 թթ․ «Մեդլայն»-ի տնօրեն է եղել առողջապահության ներկա փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Նա տնօրեն է եղել նաև Շահումյանի ու Վանյանի հիմնած մեկ այլ ընկերությունում՝ «Էկոդեզ»-ում՝ 2016-2018 թթ․։ «Էկոդեզ»-ը ախտահանման կենտրոն է, որ գործում է շուրջ տասը տարի։ Անցյալ տարվա մայիս-հունվար ամիսներին, ըստ ԱՆ-ի տրամադրած քաղվածքի, «Մեդլայն»-ի հետ փոխկապակցված «Մեդլայն կլինիկ»-ին փոխանցված գումարները կորոնավիրուսի դեմ պայքարում մատուցած ծառայությունների համար այս տեսքն են ունեցել.

Ընդհանուր առմամբ, «Մեդլայն կլինիկ»-ին կորոնավիրուսի դեմ պայքարի ծառայութունների համար փոխանցվել է ավելի քան 606 մլն դրամ։ ՍիվիլՆեթը դիմել էր նախարարությանը՝ այս փոխանցումների համար հիմք հանդիսացած պայմանագրերը ստանալու համար։ Նախարարությունից հայտնել են, թե «նշված պայմանագրերը նախարարությունում առկա չեն»։ Հետագայում նախարարությունը պայմանագրերը չտրամադրելու համար որպես հիմք ներկայացրեց «աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու կադրային ռեսուրսների սղությունը»։ 

Փոխնախարար Սիմոնյանը մինչ այդ պաշտոնում նշանակվելը (2020-ի դեկտեմբերին)  «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենն էր։ Այդ ընթացքում կենտրոնի տարածքում վեր խոյացավ «Մեդլայն»-ի մեկ այլ մասնաշենք։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Մեդլայն» կլինիկայի՝«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տարածքում գործելու համար հիմք են հանդիսացել վարձակալության երկու պայմանագրերը, գույքը տրամադրվել է ներդրումային ծրագրերի շրջանակում։ Նախարարությունը, ինչպես բազմաթիվ այլ փաստաթղթերի դեպքում, հրաժարվել է ՍիվիլՆեթին տրամադրել վարձակալության այդ երկու պայմանագրերը կամ ներդրումային ծրագիրը։ 

«Մեդլայն»-ը՝ Այրվածքաբանականի տարածքում

Վերջերս «Մեդլայն»-ի հիմնադիր և բաժնետերերից Բաբկեն Շահումյանը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացի» մեդալով՝ կորոնավիրուսի կանխարգելման, բուժման ու վերահսկման համար։ Փոխնախարար Սիմոնյանի կենսագրությունը առողջապահության նախարարության կայքում չկա։ Գրավոր հարցմամբ նախարարությանը խնդրել էինք տրամադրել այն։ Ի պատասխան՝ ստացել ենք Սիմոնյանի կենսագրության՝ միայն կրթության հետ կապված հատվածը, իսկ փոխնախարարի կենսագրության մնացած հատվածը, այդ թվում՝ աշխատանքային, ԱՆ-ն համարել է անձնական տվյալ և չի տրամադրել։ Առողջապահության մեկ այլ փոխնախարարի, նաև նախարարի երկու խորհրդականների կենսագրությունները ևս ԱՆ-ը համարել է անձնական տվյալ։ 

Նորահայտ ընկերություններ՝ խոշոր պայմանագրերով 

Երևանի բնակիչ Արման Դաշյանը 2020-ին հիմնել է «Աբամա թրեյդ» ընկերությունը. պետական ռեգիստրում գրանցումից մեկ ամիս անց այս ընկերությունը դարձել է կորոնավիրուսի դեմ պայքարում նախարարության առանցքային մատակարարներից մեկը։ Նախարարության տրամադրած քաղվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ 2020-ի հունիսից մինչև տարեվերջ «Աբամա թրեյդ»-ին փոխանցվել է մոտ 245 մլն դրամ։ Ընկերությունը մատակարարել է Ամօքսիցիլին, Ազիթրոմիցին, Լևօֆլոքսացին, Կլարիթրոմիցին, Էնդօքսապարին, Վանկոմիցին դեղամիջոցներ և այլն։ 

«Աբամա թրեյդ»-ից բացի՝ 2020-ի ընթացքում Դաշյանը հիմնել է «Էմ դի էյ թրեյդ» ընկերությունը, որը մատակարարել է նույն դեղերը, սակայն «Աբամա թրեյդ»-ի փոխարեն իրավաբանական անձ է հանդիսացել «Էմ դի էյ թրեյդ»-ը. ըստ ԱՆ-ի փոխանցումների քաղվածքի՝ երկու տրանշով մատակարարված ապրանքների համար ընկերությանը փոխանցվել է 113 մլն դրամ, իսկ «Էմ դի էյ թրեյդ»-ի հետ կնքված պայմանագրում որպես վերջնական ֆիքսված է 111,3  մլն դրամը։

Արման Դաշյանի մեկ այլ ընկերություն՝ «Ջետտա» ՍՊԸ-ն, որ հիմնվել է 2019-ին, ևս ապրանքներ է մատակարարել նախարարությանը՝ դրա դիմաց ստանալով 4,7 միլիոն դրամ։ Արման Դաշյանը հայտնի անուն է Հայաստանի դեղերի ներմուծման շուկայում․ նա «Արմֆարմ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է։ Դեղերի ներմուծման շուկային ծանոթ տնտեսվարողների խոսքով՝ Դաշյանը 2000-ականներից ի վեր կայուն դիրք է ունեցել այս շուկայում, հանդիսացել է պետական մարմինների մատակարար, ապա որոշակի պասիվություն դրսևորել, իսկ 2019-ից դարձյալ շարունակել ակտիվ մատակարարումները։ «Արմֆարմ»-ը ներկայում ունի վեց դեղատուն։ Արման Դաշյանի այս ընկերությունները և «Արմֆարմ»-ի դեղատներից մեկը գրանցված են Աբովյան 23 հասցեում։ 

Արման Դաշյան

«Արմֆարմ»-ը տարիներ առաջ հայտնվեց մամուլի էջերում՝ Հնդկաստանից շաքարային դիաբետով հիվանդներին ցուցված DiaZone MR դեղի ներմուծումների թեմայի հետ կապված։ Խնդիրն այն էր, որ առողջապահության նախարարությւունը հենց «Արմֆարմ»-ից ավելի բարձր գնով էր ձեռք բերում Հնդկաստանից ներմուծվող այս դեղը՝ ձեռք չբերելով կամ ավելի փոքր խմբաքանակով ձեռք բերելով նույն դեղի ֆրանսիական տարբերակը։ Հնդկական Diazone MR-ն դժգոհություն էր առաջացրել շաքարային դիաբետից բուժվող քաղաքացիների շրջանում, նրանք բողոքել էին, որ դեղը կողմնակի ազդեցություններ է առաջացնում՝ գլխապտույտ, սրտխառնոց և այլն։ Հետագայում «Հետք»-ը ակնարկել էր, որ «Արմֆարմ»-ը կարող է կապ ունենալ առողջապահության նախարարի նախկին ԱԱԾ-ական խորհրդական Արման Մելքոնյանի հետ։ 2018-ին Արման Մելքոնյանը դադարեցրեց աշխատանքն այդ պաշտոնում, իսկ հետագայում դարձավ մեղադրյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ «Արմֆարմ»-ի և Ազգային անվտանգության ծառայության որոշ աշխատակիցների կապերը հաստատում են նաև ՍիվիլՆեթի աղբյուրները, նաև հայտնում, որ  «Արմֆարմ»-ը «գործընկերներ» ունի առողջապահության նախարարությունում։ Այդ կապերին մենք կանդրադառնանք առաջիկայում։  

Վերադառնալով Արման Դաշյանին՝ նշենք, որ նրան է պատկանում նաև «Ռենուար» կանանց ակումբը, համանուն սրճարանը, գեղեցկության սրահը, և երկուսն էլ գտնվում են Աբովյան 23 հասցեում։ Դաշյանը նաև «Միսս Հայաստան» ազգային գործակալության հիմնադիրներից է։ «Աբամա թրեյդ»-ից, «Էմ դի էյ թրեյդ»-ից, «Արմֆարմ»-ից ու «Ջետտա»-ից զատ՝ Դաշյանը 100 տոկոս բաժնետերն է դեղերի մեծածախ վաճառքով զբաղվող «Աիդա թրեյդ» ընկերությունում, «Ջիարջի», «Արջիջի», «Էֆբիէյ», «Ջի թի սի» ընկերություններում։ 

«Մաստերոկ». ԱՆ մեկ այլ մատակարար

Ինչպես Արման Դաշյանն է համավարակի խիստ սահմանափակումների ժամանակ ընկերություններ հիմնել ու մատակարարումներ սկսել, այնպես էլ ատամնաբույժ Սարգիս Շամոյանը։ «Մաստերոկ» ընկերությունը հիմնադրվել է 2020-ի հունիսի 6-ին Սարգիս Շամոյանի կողմից։ Նրան  է պատկանում «Շամս» ատամնաբուժարանը։ Ըստ մեզ տրամադրված պայմանագրերի՝ նախարարությունը «Մաստերոկ»-ից ձեռք է բերել թթվածնի 40 լիտրանոց 500 բալոն՝ հատը 115 000 դրամով: Ընկերությունը մատակարարել է նաև 140 մահճակալային կիսապահարան՝ հատը 18 000 դրամով, 50 սեղան՝ հատը 20 000 դրամով, 11 դեղորայքի պահարան՝ հատը 34 000 դրամով և 100 պլաստմասսե աթոռ՝ հատը 9 500 դրամով։ 

Ընդհանուր առմամբ, ԱՆ կողմից «Մաստերոկ»-ին փոխանցվել է 86,7 միլիոն դրամ, իսկ այս տարվա ընթացքում Սարգիս Շամոյանը ընկերությունում իր բաժնեմասը փոխանցել է Խալիլ Ջնդոյանին։ 

Առողջապահության նախարարությունում ստուգումներ են սկսվել

Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելու նպատակով հատկացված միջոցների արդյունավետ ծախսերի հարցը մտահոգել է նաև Պետական վերահսկողական ծառայությանը, ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությանը և Հաշվեքննիչ պալատին։ Այս երեք մարմինները ներկայում ստուգումներ են անցկացնում առողջապահության նախարարությունում։ Պետական վերահսկողական ծառայությունը Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ ստուգումներն ընթացքի մեջ են՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 

Դեռ ապրիլին ֆինանսների նախարարությունից տեղեկացրել էին՝ ֆինանսների նախարարի 2021-ի մարտի 10-ի հանձնարարագրի հիման վրա ֆինանսների նախարարությունը առողջապահության նախարարությունում մարտի 16-ից իրականացնում է 2018-2020 թթ. և 2021-ի հաշվետու ժամանակաշրջանում առողջապահության նախարարութանը հատկացված միջոցների հաշվին իրականացված միջոցառումների ստուգում։ Ստուգման ենթակա ծրագրերն են եղել հիվանդանոցային ծառայությունները, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները, կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցները. 

«Ստուգման աշխատանքները ընթացքում են, ինչի հետևանքով հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշել են ֆինանսների նախարարությունից։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 9-ին ասաց՝ գերագնահատում ենք իրեն, եթե կարծում ենք, որ ֆինանսների նախարարության բոլոր ստորաբաժանումների գործողությունների ժամանակացույցը ինքը գիտի։ «Ես դեռ ինֆորմացիա չունեմ»,- ասաց Ջանջուղազյանը։  

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի խոսքով՝  որոշել էին առողջապահության նախարարության բյուջեի 80-90 տոկոսը հաշվեքննել, սակայն կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը հետաձգել են իրենց պլանները, առողջապահության նախարարի կողմից ստացել են նամակներ՝ հաշվեքննումը հետաձգելու խնդրանքով։ 

«Ըստ էության առողջապահության ոլորտի ֆինանսների հաշվեքննությունը մենք սկսել ենք մարտից։ Դրան գումարած՝ 2021-ին մենք նախատեսել ենք կորոնավիրուսով պայմանավորված չորս լրացուցիչ հաշվեքննություն անել՝ առողջապահության նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու Պետեկամուտների կոմիտեում։ Իրենց իրականացրած ծրագրերը պիտի քննարկենք»,- տեղեկացրեց Յոլյանը։ Ըստ նրա՝ առողջապահության նախարարության համապատասխան բոլոր փաստաթղթերը ուսումնասիրվում են, հարցումներ են կատարվում, որոշ ձգձգումներով, բայց պատասխանները ստացվում են։ 

Այս մարմիններից զատ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել խորհրդարանում՝ «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, որը հանձնաժողովի կողմից աշխատանքների շարունակականությունից հույսը կտրել է և համոզմունք է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը ինքը պիտի շարունակի քննել կորոնավիրուսի դեմ պայքարը։ 

Հանձնաժողովը 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկել կառավարություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերի, սահմանափակումների, ծախսերի, արդյունքների վերաբերյալ։ Փետրվարին ուղարկված հարցաշարին մինչ այժմ կառավարությունից չեն պատասխանել։ 

«Փետրվարի 11-ին ենք հարցաշարն ուղարկել, կառավարությունը առաջարկեց մարտի 30-ին պատասխանել, բայց առայսօր պատասխաններ չենք ստացել, ու պատասխաններ չստանալը անհնար է դարձնում համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելը»,- բացատրեց պատգամավորը՝ ասելով, որ վերջին անգամ նախարարությունը, հիմնավորելով կորոնավիրուսի երրորդ ալիքն ու գերծանրաբեռնվածությունը, հետաձգել է հարցերին պատասխանելը։ 

Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

Արկադի Խաչատրյանը ակնկալում է, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցի իրենց։ Պատգամավորի խոսքով՝ ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի գնումների մեծ մասն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, սակայն իրենց հարցերին չպատասխանելով՝ հնարավոր չէ պարզել՝ այդ գնումները ինչ անհրաժեշտությունից են բխել, ով է եղել մատակարարը և ինչու է կոնկրետ մատակարար ընտրվել։ 

Խաչատրյանի կարծիքով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննելու առաքելությունը պետք է իրականացնի հաջորդ խորհրդարանը։ 

Մկրտիչ Կարապետյան