44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի․ Արցախի ՄԻՊ

Լուսանկարը՝ Associated Press-ի

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ տվյալները։

Ըստ այդմ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են։ Քաղաքացիական անձանցից 42-ը զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։  

«Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։ Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ տվյալներով՝ գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։