Դասապրոցեսն առկա ձևաչափով կազմակերպելու համար պատվաստումների բավարար մակարդակ է պետք․ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները որոշելու նպատակով հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարի պաշտոնակատարները։

«Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը. «Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձևաչափով կրթությունից, բայց և պետք է չկորցնել զգոնությունը: Այս իրավիճակում ամբողջ աշխարհն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»:

Նախարարները համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում առողջապահության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրել:

Հուլիսի 18-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 131 080 մարդ։

Մեկնաբանել