Մանկական երկաթուղուց մինչև Սատանի կամուրջ․ կառավարությունում ներդրումային ծրագրեր են քննարկել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Խորհրդակցությանը քննարկվել են հետևյալ ներդրումային ծրագրերը․

Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում՝ $10 մլն

Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Արարատի մարզում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցում՝ $14 մլն

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:

Մանկական երկաթուղու այգու արդիականացում՝ $160 մլն

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:

Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիր՝ $32 մլն

Ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:

Այլ ծրագրեր

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Մեկնաբանել