Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված միջադեպերի առնչությամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված միջադեպերի առնչությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը։

«Ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերի առնչությամբ։ Հատկապես անհանգստություն է առաջացնում, որ դրանք մարդկային զոհերի պատճառ են դառնում երկու կողմերի համար էլ: Ցավոք, չնայած ձեռնարկվող քայլերին, սահմանին լարվածությունը դեռ չի նվազում։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսփել գործողություններից, որոնք կվատթարացնեն իրավիճակը։ Բոլոր հարցերը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։

Բիկանտովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով:

«Այս ջանքերը՝ տարածաշրջանի ապաշրջափակման հետ համատեղ, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանումը, կնպաստի Ադրկովկասը դարձնելու կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է հայ ռազմագերիներին չվերադարձնելուն և Բաքվում նրանց նկատմամբ դատավարություններին, Բիկանտով նշել է, որ հարցը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է։ Նրա խոսքով՝ շփումները շարունակվում են պաշտպանության նախարարությունների մակարդակով․ «Օգոստոսի 2-ին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար Ռուստամ Մուրադովի հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին»,- հայտնել է նա։

Մեկնաբանել