Գորիսից Կապան տանող ճանապարհի Քարահունջի հատվածում մի քանի տասնյակ բեռնատար մեքենաներ են կուտակվել։ Այս մասին Սյունիքի մարզից հայտնում է ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը։
Բեռնատարների հայ և իրանցի վարորդները նշում են, որ այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Տաթևով, խնդրահարույց է։
«Վարորդներն ասում են, որ Տաթևի ճանապարհը նեղ է, շատ դեպքերում՝ նաև վտանգավոր։ Իրանցի վարորդները բողոքում են նաև, որ ճանապարհը փակելու հետևանքով մնացել են առանց սննդի ու գումարի»,- հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը։
***
Ադրբեջանական զինծառայողները երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ: