Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացման փաստը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին։
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- հայտարարել է Հունանյանը։
Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացնում է ռազմական վարժանքներ, որոնք միաժամանակ տեղի են ունենում տարբեր վայրերում: Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, սկսվել են Լաչինի շրջանում համատեղ վարժանքները: Բացի հրամանատարական կազմի արդյունավետ փոխգործակցությունից և ստորաբաժանումների կառավարումից, մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվել բարդ տեղանքներում ժամանակակից տեխնիկայի կիրառության հմտություններին: