Արցախի ներդրումային հիմնադրամի գործով վճիռը կայացվեց

Սեպտեմբերի 20-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Հակոբյանի նախագահությամբ, «Արթուր Օսիպյանը ընդդեմ Արցախի ներդրումային հիմնադրամի» գործով վճռեց hայցը բավարարել մասնակի. տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ բացառությամբ շաhառուների անհատական տվյալների և բանկերի միջոցով պատասխանողին հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների:

«Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը Արցախի ներդրումային հիմնադրամից պահանջում է հաշվետվություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրած ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ: Հայցվող տեղեկությունը Հիմնադրամը չի տրամադրել Օսիպյանին:

Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ․` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն է Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն իրականացնում է Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:

«Գործընթացը սկսել ենք մինչև պատերազմը: Այսօրվա վճիռը նշանակում է, որ բացի բանկային գաղտնիքներից, դատարանը մնացած տեղեկատվությունը պարտադրում է տրամադրել: Մեր հայցով պահանջում էինք ներդրումային հիմնադրամից ներկայացնել այն շահառուների տվյալները, որոնք խոշոր աջակցություն են ստացել: Ավելի կոնկրետ՝ 50 միլիոն և ավել աջակցություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը, որը դժգոհ չէր դատարանի կայացրած վճռից:

Նա նաև հայտնեց, որ գործընթացը շարունակվելու է: Ինչ վերաբերում է մասնակի բավարարելուն՝ Օսիպյանը պարզաբանում է. «Մեր նամակում նաև նշել էինք աջակցության ու վարկի նպատակը, տոկոսադրույքը, ժամկետները և այլն: Այսինքն՝ այն տեղեկությունը, որ հաճախորդը բանկից է իմացել, իրավունք չունի տրամադրել: Մասնակի ասելով՝ դատարանը սա նկատի ուներ»: Օսիպյանը նշեց, որ ներկայում իրենց պետք է միայն անուն-ազգանուն և հատկացված գումարի չափը:

ՍիվիլՆեթը հարցրեց, թե կարո՞ղ է, արդյոք, «անհատական տվյալներ» ասելով նկատի է առնվում նաև անուն-ազգանունը: «Անհատական տվյալների մասին կա օրենք, որը հստակ կարգավորում է: Այս պահի դրությամբ մենք վճիռն էլ պիտի ուսումնասիրենք, որ իմանանք մեր հետագա քայլերը, դա մի րոպեի գործ չէ: Միևնույն է, պետք է իմանանք, թե ում ինչքան են տրամադրել: Շատ լավ պատկերացնում ենք, թե այնտեղ ինչ պատկեր է. միջին մասը լինելու է մինչև 10-20 միլիոն դրամի աջակցություն և լինելու է կտրուկ «ցատկ», որ հասնելու է միլիարդներն: Հարցը կոնկրետ է՝ ո՞ւմ են տրամադրել այդ միլիարդները», – ասաց Արտուր Օսիպյանը:

Ըստ նրա՝ երբ ժամանակին ներդրումային հիմնադրամ հարցում են կատարել «50+միլիոն» դրամ չափի վարկային օպերացիաների քանակի և վարկավորման ընդհանուր գումարի վերաբերյալ, մերժել են՝ «բանկային գաղտնիք» հիմնավորմամբ:

Օսիպյանը վստահեցնում է, որ իրենց գործունեությամբ համակարգային խնդիր են լուծում. «Բաց հաշվետվության դեպքում գողություն անելը դժվար է լինելու: Գողանում են այն, ինչ թաքուն է «դրված»:

Ընթացքի մեջ է նաև «Արթուր Օսիպյանը ընդդեմ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» դատական գործընթացը:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ԼՂՀ կառավարությունը հիմնադրել է 2006թ․: Հիմնադրամի գործունեության նպատակներն են Արցախի գյուղի և գյուղատնտեսության զարգացումը, գյուղատնտեսության բնագավառում սկսնակ և գործող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:

«Գրեթե նույն գործն է: Պարզապես Գյուղհիմնադրամը տեղեկության տրամադրումը մերժում է՝ հիմնվելով անձնկան տվյալների մասին օրենքին, իսկ Ներդրումայինը՝ բանկային գաղտնիքի», – ասաց նա:

Օսիպյանը տեղեկացրեց, որ հիմնադրամների աջակցությունից օգտվել են գյուղատնտեսության, հէկաշինության, շինարարության ոլորտների բիզնեսները, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում:

Առաջին դեպքը չէ, երբ Արցախի ներդրումային հիմնադրամը հրաժարվել է տեղեկություն տրամադրել: Երկու անգամ հայցվող տեղեկություն չի տրամադրվել ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանին՝ մերժումը հիմնավորելով բանկային գաղտնիքի մասին օրենքի դրույթներով:

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել