Մեկ տարի անց՝ վերհիշելով 44-օրա պատերազմն ու ապատեղեկատվությունը

բաքվի քայլերթ

Այս օրերին հայաստանյան մեդիա դաշտում առավել շատ քննարկվող թեմաներից է մեկ տարի առաջ տեղի ունեցած Արցախյան պատերազմը և այդ համատեքստում Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից շրջանառված ապատեղեկատվությունը։

Ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես գալիս լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, որն ամեն օր ֆեյսբուքյան լայվերի միջոցով ներկայացնում է մեկ տարի առաջ նույն օրը տեղի ունեցած իրադարձությունները։ Իր ամենօրյա եթերների ընթացքում Հակոբյանը, որ մանրակրկիտ ուսումնասիրել է 44-օրյա պատերազմը և այդ մասին գրել նաև «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» գիրքը, պատմում է այդ օրերին հայ հանրության շրջանում տարածվող ապատեղեկատվության մասին, վերլուծում Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների տարածած հաղորդագրություններն ու հրապարակային հայտարարությունները։

***

Անցյալ տարվա պատերազմի մասին ապատեղեկակատվությունը և մանիպուլյացիաները շարունակվում են այսօր։

Որպեսզի վերլուծենք, թե ինչու է դա այդպես, պետք է հասկանանք, որ հայ հանրությունը չափազանց ծանր այս իրողության հետ հաշտվելու, պարտությունը արդարացնելու և կյանքը շարունակելու խնդիր ունի և պատրաստ է կառչել ցանկացած թեզից, որը կօգնի դա անել։

Ու թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ սեփական խնդիրներ հետապնդող երրորդ ուժեր օգտվում են այս ցավից, որը կա հանրության ներսում։ Այս առումով պետք չէ զարմանալ, երբ շարունակաբար շահարկվում են իշխանությունների ոչ կոմպետենտության ու դավաճանության թեզերը, երրորդ երկրների միջամտության տարաբնույթ թեզերը, որոնց հնարավոր չէ անդրադառնալ առանց լուրջ և ծավալուն հետազոտության։


***

Ուշագրավ են նաև փորձերը՝ ցույց տալու, որ պատերազմը շատ ավելի թանկ է արժեցել Ադրբեջանի համար, քան հայտարարվում է։ Իհարկե, հավանաբար հենց այդպես էլ կա, բայց այս առումով հետաքրքիր օրինակներից է պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին Բաքվում անցկացված երթը, որը նվիրված էր Ադրբեջանում 44-օրա պատերազմում զոհված զինծառայողներին, քաղաքացիական անձանց և անհետ կորածներին։ Ըստ ադրբեջանական տվյալների՝ երթին մասնակցում էին ավելի քան 3000 զինծառայող և կուրսանտ՝ պատերազմի շուրջ 3000 զոհերի նկարներով։

Երթը Հայաստանում տարբեր քննարկումների առիթ դարձավ, որոշ լրատվականներ գրեցին, որ Բաքվում կայացած զոհերի նկարներով երթը «մատնել է Ադրբեջանի սուտը», մյուսները գրեցին, թե այսպիսով բացահայտվել են ադրբեջանական կողմի ահռելի կորուստները։

Փաստերի ստուգման հարթակը հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել այս թեմայով․ նախ հավաքել է երթից հրապարակված տարբեր լուսանկարներ, և դրանք համադրելով անցկացրել է երթի մասնակիցների շուրջ կեսի անհատական հաշվարկ, և պարզել, որ այդ կեսում ներկա է 1485 մասնակից։ Իսկ այնուհետև, այս հաշվարկը պրոյեկտելով ողջ շարասյունը ցուցադրող լուսանկարի վրա, եզրակացրել է, որ երթին մասնակցել է 2970 զինծառայող։ Fip.am-ը իրականացրել է նաև մակերեսի հաշվարկ՝ լուսանկարները համադրելով քարտեզի հետ և փաստել, որ Բաքվում անցկացված երթին մասնակցել է 2970-3100 զինծառայող, այլ կերպ ասած՝ այդ երթի մասնակիցների թվից դատելով հնարավոր չէ պնդել, թե Բաքվի կորուստները ավելի մեծ են, քան պաշտոնապես հայտարարվել է։

Բաքվի պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից զոհվել է 2907 զինծառայող և 101 քաղաքացիական անձ, իսկ անհետ կորած է համարվում 7 զինծառայող:

***

Պատերազմի ծանր հետևանքներից է, իհարկե, հայ-ադրբեջանական սահմանի թեման։ Եվ այս թեմայով էլ հաճախ ենք տեսնում շահարկումներ իշխանական թևից։ Թեզն առաջին անգամ շրջանառության մեջ էր դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում 2010-ին արված փոփոխություններով որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը և դրա մասին շրջանառվող թեզերը և արձանագրել՝ պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հնարավոր է որոշել հայ-ադրբեջանական սահմանը, չի համապատասխանում իրականությանը։

Fip.am-ի վերլուծաբանները մատնանշում են՝ թեև Նիկոլ Փաշինյանը պարբերաբար պնդում է, որ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» սահմանվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, սակայն, միևնույն ժամանակ, պարբերաբար խոսում է նաև երկու երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ արձանագրելով, որ սահմանների հստակեցման կարիք կա։

***

Ամփոփելով՝ նշեմ, որ ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները հաճախ հենվում են հենց մարդկային հույզերի վրա, քանի որ ծանր զգացմունքները զրկում են մարդուն իրավիճակը սթափ գնահատելու ունակությունից և հեշտացնում կեղծ տեղեկատվության տարածումը։

Մեկնաբանել