Վրաստանը մտադիր է արգելել քաղաքական հարձակումներ պարունակող գովազդը

Election-billboard-21-09-2021-1024x682 Բացասական բովանդակությամբ գովազդային վահանակ Թբիլիսիի կենտրոնում՝ ընդդեմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, Գեորգի Գախարիայի և ուրիշների, լուսանկարը՝ «Մթավարի» հեռուստաընկերության։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրենք, որն արգելելու է բացասական բովանդակությամբ նախընտրական քարոզարշավի անցկացումն ու նմանատիպ քարոզչական նյութերի կիրառումը, հակառակ այն բանի, որ ընդդիմությունն ու իրավապաշտպան խմբերը քննադատում են նախաձեռնությունը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների ներկայացրած նախաձեռնությունը նպատակ ունի փոփոխել Ընտրական օրենսգիրքը և հեռարձակման մասին օրենքը՝ քաղաքական գործիչներին արգելելով թիրախավորել այլ քաղաքական սուբյեկտների։ Ավելին, նախատեսվում է նույնիսկ արգելել նման գովազդներում առհասարակ հիշատակել նրանց անունները։

Օրինագծի հեղինակներն իրենց առաջարկը հիմնավորելու համար նաև ապակողմնորոշիչ կերպով մեջբերել են արևմտյան մի քանի երկրների քարոզարշավի կանոնակարգերը:

Նախագծի քննադատներն ասում են, որ ընտրական մթնոլորտը բարելավելու փոխարեն՝ փոփոխված կանոնակարգը կիջեցնի խոսքի ազատության և մամուլի ազատության առկա չափանիշները։

Հանուն լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան, որը կազմված է Վրաստանում գործող 16 խոշոր իրավապաշտպան կազմակերպություններից, նախագիծն անվանել է «տագնապալի» և պահանջել է այն անհապաղ հետ կանչել:

Նախաձեռնությունը շատերին է զարմացրել, քանի որ նախագիծը խորհրդարան է բերվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը հիմնականում բացասական քարոզարշավ անցկացրեց՝ թիրախավորելով գլխավորապես «Միացյալ ազգային շարժմանը», ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության նախկին վարչապետ Գեորգի Գախարիային:

Նախաձեռնությունը կփոխի Վրաստանի ընտրական օրենսգիրքը և հեռարձակման մասին օրենքը՝ արգելելով քաղաքական գործիչներին թիրախավորել այլ քաղաքական սուբյեկտների։ Այն ավելի հեռուն է գնում և սահմանափակում է առհասարակ նրանց անունների հիշատակումն այդպիսի գովազդներում։ Նախագիծը նաև երրորդ կողմերին է արգելելու նախընտրական որևէ գովազդ պատվիրել:

Եթե օրենքն ընդունվի, ապա բացասական գովազդների համար կուսակցություններին սպառնում է 2000 լարի (640 դոլար) տուգանք։ Նույնքան տուգանք է սպառնում նաև նման գովազդ հեռարձակող հեռուստաալիքներին, ինչպես նաև գովազդային վահանակների կամ հանրային տարածքների սեփականատերերին, որտեղ բացասական գովազդ կհայտնվի։

Օրինագծի հինգ հեղինակներն ավելի ուշ արած մեկնաբանությունում պնդում են, որ նախընտրական գովազդները հաճախ քիչ առնչություն ունեն այն բանի հետ, ինչ կուսակցությունը կամ թեկնածուն առաջարկում է հանրությանը, և ծառայում են միայն «քաղաքական այլ սուբյեկտին վարկաբեկելու և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու» նպատակին։

Նրանք պարզաբանել են, որ առաջարկվող օրինագիծը «կնվազեցնի հանրության բևեռացման ռիսկերը» և կխթանի «առողջ մրցակցության սկզբունքը» նախընտրական քարոզարշավում։

Հանուն լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան նշել է, որ նախաձեռնությունը մշուշոտ է, քանի որ այն ներմուծել է «բացասական վերաբերմունք» հասկացությունը, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքին, որը ներկայում սահմանում է, որ քարոզարշավ է համարվում ընտրական սուբյեկտի ընտրվելուն նպաստող կամ դրան խոչընդոտող ցանկացած հասարակական գործողություն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդուամաշվիլին հոկտեմբերի 21-ին «Պալիտրա» լրատվական գործակալության հետ զրույցում նախաձեռնությունն անվանել է «գրաքննություն մտցնելու փորձ»:

Կեղծ համարժեքություն

Իրենց բացատրական գրառման մեջ «Վրացական երազանք» կուսակցության հինգ պատգամավորներ նշել են, որ քարոզարշավի կանոնակարգերի նմանատիպ փորձ կիրառվում է Ֆրանսիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում:

Թեև ֆրանսիական օրենսդրությունն ընտրություններից վեց ամիս առաջ արգելում է վճարովի քաղաքական գովազդը մամուլում և լրատվական այլ հարթակներում, ինչպես նշված է վրացական օրինագծի բացատրական հատվածում, սահմանափակումը գրեթե համընդհանուր է և տարբերակում չի դնում բացասական կամ դրական բովանդակության միջև: Ինչ վերաբերում է գովազդային վահանակներին, ապա բացասական բովանդակության վերաբերյալ նույնպես նման սահմանափակումներ չկան:

Վրացական օրինագծի բացատրական մասը նաև մոլորեցնող կերպով հղում է անում Ավստրալիայի պետական գերատեսչությունների և գործակալությունների քարոզարշավի վերաբերյալ այդ երկրի ֆինանսների նախարարության 2014-2015 թթ. զեկույցին:

Օրինագծի բացատրական մասում նշվում է, որ Ավստրալիայում քաղաքական քարոզարշավի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նախընտրական գովազդը չպետք է «ուղղակի հարձակում կամ արհամարհական վերաբերմունքի դրսևորում լինի ուրիշների տեսակետների, նրանց քաղաքականության կամ գործողությունների նկատմամբ, օրինակ՝ մրցակից կուսակցությունների կամ խմբերի վարած քաղաքականության և տեսակետների»:

Խնդրո առարկա զեկույցը կարգավորումներ է առաջարկում պետական գերատեսչությունների և գործակալությունների կողմից իրականացվող ոչ պաշտոնական քարոզչության վերաբերյալ և որևէ առնչություն չունի քաղաքական կուսակցությունների կամ թեկնածուների նախընտրական քարոզարշավների հետ:

Օրինագծի հեղինակները մեջբերել են նաև Ճապոնիայի ընտրական օրենքները, որոնք աշխարհում ամենածավալուն օրենքների շարքին են դասվում և ունեն ամենաշատ սահմանափակումներն այս հարցում: Ըստ Ճապոնիայում գործող նախընտրական քարոզարշավի կանոնակարգերի՝ արգելվում են բոլոր տեսակի գովազդային վահանակները, սահմանվում է քարոզարշավի երկշաբաթյա ժամկետ, սահմանափակումներ են կիրառվում քարոզչական պաստառների չափի և քանակի հարցում, զգալիորեն սահմանափակվում է նաև բացասական քարոզչությունը:

Սաակաշվիլիին համեմատում են Հիտլերի հետ

Բացասական գովազդի դեմ նախաձեռնությանը զուգահեռ իշխող կուսակցությունը շարունակել է հիմնականում բացասական նախընտրական քարոզարշավ իրականացնել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դեմ։

Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այնքան հեռու է գնացել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։

«Ես ուզում եմ համեմատություն անել. Սաակաշվիլիին Հիտլերի հետ համեմատելը, գուցե, անտեղի է, բայց այս մարդն ամեն ինչում ընդօրինակում է նրան, բայց նա կեղծ է. ինչո՞ւ։ Երբ Հիտլերն առաջին անգամ բանտարկվեց, նա նույնպես հացադուլ հայտարարեց։ Բազմաթիվ մարդիկ այցելեցին նրան։ Նա բեմադրեց նույն սցենարը, ինչ բանտում գտնվող այս դժբախտ մարդը»,- ասել է Ղարիբաշվիլին:

Հոկտեմբերի 18-ին «Վրացական երազանք»-ը հացադուլում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի («Միացյալ ազգային շարժման» հիմնադիրն է) դեմ տեսանյութ հրապարակեց, որում հնչում էր կարգախոս այն մասին, որ ««Միացյալ ազգային շարժման» անդամ լինելն ամոթալի է»։

Սա չխանգարեց հոկտեմբերի 30-ին ընտրությունների երկրորդ փուլին պատրաստվող Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեին պնդելու, որ նույն օրն իրեն հաջողվել է մաքուր, «եվրոպական ոճով քարոզարշավ իրականացնել, որը կենտրոնացած է ապագայի վրա՝ ընդդիմախոսների թերություններն ու դժբախտությունն ընդգծելու փոխարեն»:

«Եկեք վերջ տանք բոլշևիզմին, չարությանը, ատելությանը և կեղծիքին, որը ներկայացնում է «Միացյալ ազգային շարժումը»,- հոկտեմբերի 18-ի նույն տեսանյութում հայտարարում էր Կալաձեն:

Քաղաքական քարոզարշավի բացասական բովանդակության մասին օրենքներում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ «Վրացական երազանքը» հանդես եկավ անմիջապես այն բանից հետո, երբ գովազդի տեղաբաշխմամբ զբաղվող ընկերությունը՝ «Ալմա»-ն, հայտարարեց, որ իրենք կցանկանային՝ Վրաստանն ունենա օրենքներ քարոզչական նյութերի դեմ, որոնք ատելության խոսք են պարունակում և նպաստում են քաղաքական բևեռացմանը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց առաջարկին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պաստառն Իվանիշվիլիի դեմ

Վրաստանի մի շարք քաղաքներում ընդդիմությանը քննադատող հակասական պաստառներ տեղադրելուց շատ չանցած «Ալման» անցյալ ամիս հրաժարվեց տեղադրել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատվիրած պաստառը, որում պատկերված էր «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ խոզի նմանությամբ։ Դրանով հղում էր արվում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ին:

Վերջին տարիներին մի քանի անհաջող իրավական նախաձեռնություններ են եղել, որոնց մասին զգուշացրել են խոսքի ազատության պաշտպանները։ Դրանցից շատերն ուղղված են եղել լրատվամիջոցների դեմ:

Դրանցից են զրպարտության դեմ օրենքի նախագիծը, որը 2019-ին ներկայացրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և դրանից մեկ տարի առաջ Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովի նախաձեռնած օրինագիծը, որը նպատակ ուներ հանձնաժողովին և դատարաններին կարգավորող լիազորություններ տրամադրել հեռուստատեսությամբ ատելության խոսքի դեմ:

Մեկնաբանել